Լեզվակռիվ ԱԺ-ում. Պերմյակովի հարցը, Պուտինի պատասխանն ու 90-ականներին «Բարբի» տիկնիկ խնդրելու մասին Գորբաչովին ուղղված մի աղջկա դիմումը

Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում թեժ քննարկում ընթացավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած 2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունների կապակցությամբ ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի շուրջ: Նախագծով առաջարկվում է, որ ԱԺ-ն հայտարարի, որ հետամուտ է լինելու եղեռնագործության բացահայտմանը, և «ակնկալում է հանուն արդարության, օրինականության վերականգնման և հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության՝ Ռուսաստանի Դաշնությունից ողջամիտ որոշում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների օրինական պահանջը բավարարելու համար առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին անհապաղ փոխանցել Հայաստանի Հանրապետության իշխանություններին»:

Զ.Փոստանջյանը ներկայացրեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ է գրել, որ խախտվել են միջպետկան 2 պայմանագրեր և խնդրում է փոխանցել Պերմյակովին: ՌԴ դատախազությունից պատգամավորին պատասխանել են, որ Պերմյակովին ձերբակալել են ՌԴ իրավապահները և այդ իսկ պատճառով նա գտնվում է ՌԴ իրավասության ներքո: Զ.Փոստանջյանը նշեց, որ հղում են անում հանձնման գործառույթին և ՌԴ Սահմանադրությանը, մինչդեռ ինքը հղում է արել «փոխանցել» գործառույթին:

Զ.Փոստանջյանը հայտարարեց, թե ՀՀ-ում որևէ երկրի իրավապահ մարմին իրավասու չէ գործողություններ անել, դա նույնն է, թե ՀՀ իրավապահները գնան մեկ այլ երկրում ՀՀ որևէ քաղաքացու ձերբակալեն: Ըստ նրա՝ հետաքննությունը ՀՀ իրավապահների հետ համատեղ պետք է տեղի ունենար:

Պատգամավորը նշեց, որ Պերմյակովին ձերբակալել են ՌԴ սահմանապահ զորքերը՝ չիմանալով, թե ով է նա, Պերմյակովը չի ունեցել փաստաթուղթ ու չի կրել համազգեստ: Մինչդեռ, ըստ նրա, միջպետական պայմանագրի համաձայն՝ ապօրինի սահմանախախտման դեպքում պետք է անմիջապես տեղեկացնեն ՀՀ ԱԱԾ-ին և գործողութունները կատարեն նրանց հետ միասին: Պատգամավորը նկատեց, որ մինչ օրս չի հրապարակվել ՀՀ դատախազի նամակը ՌԴ դատախազին ու դրա պատասխանը:

«Այս հայտարարությունը նրա համար է, որ մենք դատապարտենք ու հետամուտ լինենք մեր իրավունքներին և որպես սուվերեն պետություն պաշտպանենք մեր իրավունքները: Եթե չենք անում, նշանակում է, որ ենթարկվում ենք այլ պետության ապօրինի պահանջներին և չենք հարգում մեր ինքնիշխանությունը»,- ասաց Զ.Փոստանջյանը:

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ խախտվել է թե՛ ՀՀ Սահմանադրությունը, թե՛ մեր օրենքները, և տվյալ դեպքում իրավակարգը նշում է, որ ՀՀ դատախազը կամ ԱԱԾ պետը, կամ այլ իրավապահ մարմին պետք է վերցնեն ձերբակալության որոշում, գնան ՌԴ ռազամբազա ու Պերմյակովին ձերբակալեն, բայց այս պահի դրությամբ ՀՀ իրավապահ մարմինները հրաժարվում են իրականացնել դա. «Մեր խնդիրն է, որպեսզի մենք հնարավորություն ունենանք դատապարտենք, որ չկրկնվի նման եղեռնագործություն: Պատվիրատուներն ունեն ադրբեջանաթուրքական հետքեր: Նույն ներկայացուցիչները Երևանում էլ կարող են մտնել ու նման եղեռնագործություն գործել: Դա հենց այնպես չի եղել, հենց այնպես չեն մտնում գիշերը մի ընտանիք ու նման եղեռնագործություն իրականացնում»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, թե նախագիծն ամբողջությամբ կառուցված է այն դատողության կամ հիքմի վրա, որ Պերմյակովը կատարել է սահմանախախտման փորձ, սակայն նրան ՀՀ սահմանը խախտելու մեղադրանք չի առաջադրված: Ջհանգիրյանը նաև հայտարարեց, թե «փոխանցել» եզր չի օգտագործվում, կա՝ կա՛մ հանձնել, կա՛մ արտահանձնել. «Այս քննարկումներում մենք բաց ենք թողնում կարևորագույն խնդիրը՝ ինչո՞ւ մեր օպերատիվ հետախուզական մարմինները երկար ու ձիգ ժամեր չեն կարողացել Պերմյակովին օպերատիվ հայտնաբերել ու ձերբակալել: Եթե մեր իրավապահները ձերբակալած լինեին, այդ ամբողջ խնդիրը դուրս կգար: Ինչո՞ւ չեք պահանջում անգործություն դրսևորածներին գոնե կարգապահական տույժի ենթարկել»:

Զ.Փոստանջյանի խոսքով՝ մեր իրավապահները հայտարարում էին, որ ամեն ինչ վերահսկում են, և հանցագործության մասին հաղորդումը հենց դրան էր վերաբերում, թե ինչու իրենք չեն ձերբակալել, բայց Հատուկ քննչական ծառայությունն անգործություն չի տեսել մեր իրապահների գործողություններում: Զ.Փոստանջյանը նշեց, որ Պերմյակովն ապօրինի է գտնվում իրենց մոտ, դրա համար «հանձնել» եզրույթը չեն օգտագործում, նաև ՌԴ-ի հետ բարիդրացիական հարաբերություններն են ենթադրում դա:

«Ինձ հետ էլ է տեղի ունեցել, ձեզ հետ էլ կլինի: Նույն այդ մարդիկ կարող են ավտոմատը պահեն ձեզ վրա ու դուրս հանեն մեքենայից, մեկուսացնեն՝ օտար լեզվով, առանց իրավական հիմքերի: Իրենք իրավասություն չունեն ձերբակալելու»,- ասաց Զ.Փոստանջյանը:

Գ.Ջհանգիրյանը պնդեց, թե պայմանագրերում ասվում է, որ եթե ձերբակալումը կատարեին ՀՀ իրավապահները ՀՀ տարածքում, այդ անձը պետք է գտնվեր ՀՀ իրավասության ներքո, բայց եթե ձերբակալումը ՀՀ տարածքում կատարել են ՌԴ իրավապահները ՀՀ տարածքում, ապա գտնվում է ՌԴ իրավասության ներքո, եթե նա հանցագործություն է կատարել ռազմաբազայի տարածում:

Զ.Փոստանջյանը հակադարձեց, որ ձերբակալել են ՌԴ սահմանապահները, և ոչ թե ռազմաբազայի ծառայողները, իսկ սահմանապահները ձերբակալելուց չպետք է պարզեին՝ ով է նա, այլ պետք է հանձնեին ՀՀ իրավապահներին: Առավել ևս, ինչպես նկատեց Փոստանջյանը, Պերմյակովին սահմանախախտման փորձի մեղադրանք չի առաջադրվել և ՌԴ սահմանապահները նրան ձերբակելու իրավունք չունեին:

«Այսպիսի նախագծերով Ավետիսյանների հարազատներին փորձում ենք գցել թյուրիմացության մեջ»,- հայտարարեց Գ.Ջհանգիրյանը՝ հավելելով, թե ամեն դեպքում կողմ կքվեարկի նախագծին:

Զ.Փոստանջյանը հակադարձեց, որ թյուրիմացության խնդիր չկա:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկեց նախագիծն անխոցելի ու նպատակային դարձնելու և տարաձայնությունները հարթելու համար նախագիծը ետ վերցնել և հանձնաժողովի անունից հարցումներով դիմել պետական ու ՏԻՄ կառավարման մարմիններին:

Լեզվակռիվ տեղի ուենցավ նաև հարակից զեկուցող ՀՀԿ-ական Զ.Փոստանջյանի և Լևոն Մարտիրոսյանի միջև, երբ վերջինս փորձեց ակնարկել, թե Պուտինից պատասխան չկա ու համեմատություն արեց 90-ականներին «Բարբի» տիկնիկ խնդրելու մասին Գորբաչովին ուղղված մի աղջկա դիմումի հետ:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հորդորեց հարցը չշահարկել. «Ցանկացած բան առաջինը Ավետիսյանների վրա է անդրադառնում»: Նա հայտարարեց, որ ՀՀԿ-ակաները դեմ են նախագծին, այս ձևով փաստաթուղթ ընդունելը տեղին չէ, հանձնաժողովն էլ «կապրիզների» տեղ չէ ու հանձնաժողովի անունից հարցումներ չեն ուղարկի. «Մենք դեմ ենք, մենք դեմ էլ չենք՝ մեզ ստիպում եք դեմ լինել»:

Զ.Փոստանջյանը հրաժարվեց նախագիծը ետ վերցնել, եթե պետական մոտեցում չի ցուցաբերվում և հանձնաժողովի անունից հարցումներն չեն ուղարկվելու:

Որպեսզի չստացվի, թե հանձնաժողովը դեմ է Պերմյակովին հայկական կողմին փոխանցելուն, ՀՀԿ-ականները ձեռնպահ մնացին և միայն 4 կողմ եղան: Արդյունքում անբավարար ձայների պատճառով նախագիծը չմտցվեց ԱԺ նիստերի օրակարգ:

Տեսանյութեր

Լրահոս