Իմացեք, թե ինչ եք ուզում. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը իր այսօրվա խմբագրականում գրում է.

«Այս պահին Հայաստանում որպես քիչ թե շատ քաղաքական ուժ հանդես է գալիս միայն մի կուսակցություն՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը: Որոշ հարցերում այդ կուսակցության մոտեցումներն անձնապես ինձ համար ընդունելի չեն, փոխարենը հասկանալի են, որովհետեւ դրանցում կա որոշակի հետեւողականություն: ՀՅԴ-ն դեմ է հայ-թուրքական արձանագրություններին (ես կարծում եմ, որ դրանք ստորագրելը ճիշտ էր), եւ երբ նախագահը հետ կանչեց դրանք ԱԺ-ից, կուսակցությունը ողջունեց այդ քայլը: ՀՅԴ-ն կողմ է Թուրքիայից «հողեր ուզելուն» (ինձ թվում է՝ դա գործնական որեւէ արդյունքի չի բերի եւ՝ հակառակը կթուլացնի մեր դիրքերը) եւ ողջունել է այդ ոգով գրված «100-ամյակի հռչակագիրը»:

Դաշնակցությունը կողմ է կառավարման խորհրդարանական համակարգին (ես կարծում եմ, որ ներկայիս քաղաքական պայմաններում այն կխոչընդոտի պետական ինստիտուտների բնականոն գործունեությանը) եւ հիմա պայքարում է, որ սահմանադրական փոփոխությունները կատարվեն հենց այդ ուղղությամբ: Ընդունել դաշնակցականների հայացքները չեմ կարող, բայց հնարավոր չէ նաեւ չարձանագրել, որ դրանք ընդգրկված են որոշակի համակարգի մեջ, եւ կուսակցության քայլերն ուղղված են այդ գաղափարները կյանքի կոչելուն: Հնարավո՞ր է դա, թե՞ ոչ, դա օգո՞ւտ կբերի մեր երկրին, թե՞ վնաս` այլ հարց է: Բայց կրկնեմ` այն, ինչ ուզում է Դաշնակցությունը, միանգամայն հասկանալի է:

Կոնկրետ սահմանադրական փոփոխությունների հետ կապված կա կուսակցությունների պահվածքի երկու տարբերակ. ա/ մասնակցել քննարկումներին եւ փորձել կորզել առավելագույնը, որը համապատասխանում է տվյալ կուսակցության պատկերացումներին, բ/ չմասնակցել քննարկումներին, չունենալ պատկերացումներ, տեսլականներ եւ համառորեն կրկնել «ռեժիմի հեռացման» 20 տարվա պահանջը, որն, ըստ երեւույթին, եւս 20 տարի էլ կունենա գործնական նույն հետեւանքները, ինչ որ Դաշնակցության «հողային պահանջատիրությունը»:

Առաջին մոտեցման դեպքում հնարավոր է հասնել, օրինակ, Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, ընդդիմությանը օրենսդրական մակարդակով լծակներ տրամադրելուն եւ այլն: Երկրորդ մոտեցման արդյունավետությունը զրոյական է՝ գուցե մի քանի տասնյակ մարդու կողմից «սկզբունքայնության» գնահատումը:

Կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս