Բաժիններ՝

Խորհրդարանների գործը ներկան ու ապագան կառուցելն է, իսկ անցյալը պատմաբանների գործն է. Ջեմիլ Չիչեք

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը հանդիպել է Իսպանիայի Սենատի նախագահ Պիո Գարսիա Էսկուդերոյի հետ: Հանդիպման ժամանակ Չիչեքը շնորհակալություն է հայտնել Իսպանիային՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանն աջակցելու համար:

Իր ելույթում Չիչեքը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հիմնախնդրին և իսպանական կողմին շնորհակալություն է հայտնել այդ հարցում «հավասարակշռված դիրքորոշում որդեգրելու» համար: Չիչեքը հիշեցրել է, որ նախորդ տարի աշխարհում նշվեց Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկի 100-ամյակը, իսկ այս տարի Դարդանելի ճակատամարտի 100-ամյակն է.

«Եթե կա պատերազմ, ապա կա ցավ, ընդ որում՝ այդ ցավը տարածվում է բոլորի վրա: Առաջին համաշխարհային պատերազմը մարդկության պատմության մեջ ամենացավոտ պատերազմն էր, այն ժամանակ մարդի վերապրեցին մեծ ցավեր, զոհվեց 26 միլիոն մարդ:

Մեծ ցավ ապրեցին նաև թուրքերը, արաբները, քրդերը, հայերը, մուսուլմանները: Մենք չենք ընդունում, որ ասում են, թե միայն հայերը ցավ ապրեցին և դա անվանում են ցեղասպանություն: Մենք կողմնակից ենք իրողությունների վերհանմանը, որ ոչ մի բան չմնա քողարկված, պատմական խավարի մեջ:

Իսկ ո՞վ է վերհանելու դրանք: Մի՞թե խորհրդարանները: Ո՛չ, դա խորհրդարանների գործը չէ, որովհետև նրանց գործը ներկան ու ապագան կառուցելն է: Անցյալը պատմաբանների գործն է: Եթե խորհրդարանները վերածվեն միջազգային քրեական դատարանի, ապա դա մեծ վնաս կպատճառի միջազգային խաղաղությանն ու հարաբերություններոին»:

Էսկուդերոն իր հերթին հայտարարել է, որ այդ հարցում Իսպանիայի դիրքորոշումը հստակ է. «Իսպանիան Հայոց ցեղասպանությունը չճանաչող երկիր է: Պատմությունը պատմություն է, մնացել է անյցալում: Այդ թեմայով անհրաժեշտ հետազոտություններ ու աշխատանքներ պետք է իրականացնեն պատմաբանները»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Եվրախորհրդարանը եվրոպական բոլոր երկրներին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս