«Քյալլեն շատ վկուսնի պենա, կամ՝ քաղաքագիտական նոթեր Ջորջ Օրուելի ոճով». Հմայակ Հովհաննիսյան

Քաղաքագետների Միությունը տարածել է Հմայակ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը, որում ասված է. «Ֆեյսբուքյան ընկերներիցս գյումրեցի լրագրող Նաիրա Նալբանդյանը կանանց միամսյակի մեկնարկին հետևյալ բովանդակությամբ «սոոբշենիե» ուղարկեց. «Պարոն Հովհաննիսյան համաձայն նախանական պայմանվորվածության ձեզ եմ ուղարկում հարցերը: Ձեր կարծիքով՝ վերափոխված ԲՀԿ կուսակցությունը քաղաքական ի՞նչ դերակատարության կարող է հավակնել և ընդհանուր առմամբ, քաղաքական դաշտում ի՞նչ փոփոխությունների պետք է սպասել առաջիկայում»:

Եթե կանանց միամսյակը մեկնարկաց չլիներ, ես, հաստատ, կմերժեի, քանզի ԲՀԿ-ի թեման բոլորի համար արդեն դառնում է ձանձրալի: Սակայն կանանց միամսյակը սկսվել էր, ուստի որոշեցի չմերժել Նաիրային՝ պատասխանելով նրա հարցերին յուրահատուկ՝ հայտնի անգլիացի գրող, «Անասնաֆերմա» հանճարեղ վեպի հեղինակ Ջորջ Օրուելի ոճով.

Ձեր հարցերը հումորային բնույթի հարցեր են՝ սև հումորի շարքից: Հասկանալի է, որ հանգուցյալների մասին պետք է ասել կամ լավը, կամ՝ ոչինչ, սակայն երբ ասում եք՝ «վերափոխված ԲՀԿ կուսակցություն», կարծես կրկնեք Օստապ Իբրագիմովիչ Բենդերի հայտնի խոսքերը Պանիկովսկու շիրիմին. «Հանգուցյալը թեև բարոյական մարդ չեր, բայց…»: Ես ոչ այդ «բայցն եմ» ընդունում, ոչ էլ քաղաքական հանգուցյալների մասին ընդհանրապես ինչ-որ բան ասելու ցանկություն ունեմ՝ գոնե մինչև նրանց քառասունքը: Ձեր մյուս հարցը, որը վերաբերվում է հայաստանյան քաղաքական դաշտին, նույնպես ծիծաղելի է, քանզի մեր «քաղաքական դաշտը» վաղուց արդեն քաղաքական չէ: Դա սովորական արոտավայր է, որտեղ հմուտ չոբանը կարողանում է միաժամանակ արածացնել մի քանի նախիրների՝ նրանց գլխին կանգնած խոշոր եղջերավոր «վոժակների» միջոցով:

Չոբանի թուլտվությամբ այդ «վոժակները» կարող են կատարել անասնագողություններ այն նախիրից, որի «վոժակը» խախտել է դաշտում միասնաբար արածելիս աջ ու ձախ չթքելու պարտավորությունը: Քանի որ Չոբանը ցանկանում է սեփական արոտավայրը՝ «քաղաքական դաշտ», իսկ անասնագողությունները՝ «քաղաքական դաշտում փոփոխություններ» կամ «վերադասավորումներ» ներկայացնել, նա ստիպված է գործի դնել վարձու գրչակների և բոլոր հեռուստաալիքներով խրոխտ ձայնով հանդես եկող տարբեր «պետրոսների», ովքեր արդեն սկսել են մեզ համոզել, թե Պանիկովսկին թեև սագագող էր, բայց գողացած սագերին օրը մի քանի անգամ կերակրում էր, որ ի վերջո անհրաժեշտ է հարգել մեռնելու նրա իրավունքը, որ նա թողել է լուրջ «քաղաքական ժառանգություն», որի բաժան-բաժան անելը ոչ թե սովորական անասնագողություններ են, այլ «քաղաքական փոփոխություններ»:

Մի խոսքով, ախոռային գոմաղբի հոտից չխեղդվելու և աբսուրդի այս թատրոնում սեփական մարդկային կերպարանքը չկորցնելու համար մեզ մնւմ է ապավինել գյումրեցիների ավանդական սրամտությանը: Եկեք բոլորս միասին մի կուշտ ծիծաղենք ախոռաբնակ այս արարածների վրա, քանի դեռ դրանք չեն հասցրել հանրահավաքների արտոնման կարգի օրինակով հատուկ օրենք ընդունել՝ ծիծաղի արտոնման կարգի մասին: Եվ այս նոթերի վերջում՝ ցտեսության փոխարեն. գումրեցիների ցավը տանեմ, որ իրենց ավանդական հումորով մեր ցավը տարել են…»:

Տեսանյութեր

Լրահոս