Նա հրաժեշտի խոսքեր ասաց, որ մեր աղջկան լավ նայեմ. անհետացած զինծառայողի կին. news.am
Գյումրիում ռուսական սահմանապահ ուղեկալի N զորամասում աշխատող պայմանագրային զինծառայող, անհետացած 26-ամյա Արթուր Աֆյանի հետ վերջին անգամ խոսել է կինը` Ալվարդ Մկրտչյանը: Արթուրը կնոջը հրաժեշտի խոսքեր է ասել եւ անջատել հեռախոսը: Այս մասին NEWS.am-ի հետ թղթակցին հայտնեց Արթուրի կինը:
Արթուրի հետ կինը՝ Ալվարդը Մկրտչյանը խոսել է փետրվարի 21-ի գիշերը ժամը 1-ին, ամուսինն ասել է, որ այլեւս չի վերադառնալու:
«Նա հրաժեշտի խոսքեր ասաց, որ մեր աղջկան լավ նայեմ, որ մեզ սիրում եւ պաշտում է, բայց ասաց, որ սուտը մեր տունը քանդել է։ Մեծ գումարներ ուներ պարտք եւ ես մտածում եմ, որ էդ սուտ հենց այդ պարտքերն են, որոնց մասին ինձ չէր ասել ու դիմեց այս քայլին։ Զանգում եմ, անհասանելի է, բոլոր տեղերը ման ենք եկել, որտեղ հնարավոր է փնտրել են, բայց չկա ու արդեն մտածում եմ, որ ինքն այլեւս չկա»,-ասաց Ալվարդ Մկրտչյանը:
Կնոջ խոսքով՝ ինքը տեղյակ չի եղել ամուսնու մնացած պարտքերից, քանի որ օրեր առաջ տան ոսկեղենն է գրավ դրել եւ փակել պարտքերը:
«Մենք երեկ ենք պարզել, որ ինքը էլի պարտքեր ունի։ Եկել էր մի մարդ ու իր գումարն էր ուզում։ Արթուրը խոստացել էր, որ ժամանակին կտա, բայց չէր տվել»,-ասաց Արթուրի կինը:
Ալվարդն ասաց նաեւ, որ երեկ ինքը Գյումրիում վարձակալած բնակարանում նկատել է, որ խոհանոցային դանակն անհետացել է, կարծում է ամուսինը վերցրել իր հետ:
«Ես տանը նայեցի ինչ կա, գուցե ինչ որ բան է պակասել ու նկատեցի, որ խոհանոցային դանակը չկա, էլ ոչինչ մտածել չեմ կարող։ Թող նրան ողջ գտնեն, մնացածը կարեւոր չէ»,-ասաց կինը։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: