Վահան Արծրունի. «Այս իրականությունը տագնապալի է, ելքի զգացողություն չի ենթադրում, մենք բոլորս թաղված ենք այդ տիղմի մեջ»
«Քաղաքականությունն էլ է համընդհանուր կուլտուրայի դրսևորումներից մեկը, այսինքն՝ պատկերացրեք՝ ի՞նչ կարող եք պահանջել անկիրթ մարդուց, և ինչ՝ կրթված մարդուց, տարբեր է»,- այսօրվա ասուլիսի ժամանակ` խոսելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին՝ նման տեսակետ հայտնեց երգիչ, երգահան Վահան Արծրունին:
Նրա խոսքով՝ անկիրթ մեծամասնությունը ձևավորում է անկիրթ իրականություն, անկիրթ միջավայր և այդ անկրթությանը, այդ իրավիճակին հարիր կամ հատուկ որոշակի մթնոլորտ և հարաբերությունների տեսակ է առաջարկում, որի մեջ կարող է խորտակվել և՛ մշակույթը, և՛ քաղաքականությունը, և՛ միջմարդկային հարաբերությունները:
«Այդ իրավիճակը ձևավորում է բարքեր և որոշակի տեսակ, մեր պարագայում՝ հարաբերությունների շատ անհասկանալի տեսակ, որը դառնում է օրենք՝ և՛ իշխանական խավի մեջ, և՛ բիզնեսի ոլորտում, և՛ քաղաքացիական կյանքում, և՛ միջմարդկային հարաբերությունների մեջ: Եթե մենք փորձենք այս բոլոր ոլորտների նկարագիրը տանք, մենք կտեսնենք, որ յուրաքանչյուր հարթության մեջ գործում է նույն ալգորիթմը:
Մենք դեռ պետք է հասկանանք, որ այն փուլում ենք, որտեղ գոյություն չունի օրենք, որտեղ գոյություն չունեն քաղաքակրթությանը վայել որևէ կանոններ, այլ գոյություն ունի ընդամենը մի գործոն՝ շահ, որը թելադրում է որոշակի գործողություններ, այսինքն՝ շահ, որը ենթակայացնում է իրեն՝ իշխանության մեջ մտնելու և իրականությունը իր տեսակին հարմարեցնելու այդ հսկայական ցանկությունը և մոլուցքը»,- նշում է երգահանը:
Ըստ նրա՝ վերջին 22 տարիների ընթացքում մենք այդ վեկտորով ենք շարժվել, և այսօր փաստում ենք, որ մի կողմից ընտրակաշառք երևույթը, կարծես թե, թելադրված է այն զանգվածներում, որոնք ձգտում են իշխանության, բայց մի կողմից էլ՝ այդ ընտրակաշառք ընդունողներն էլ կան, որոնք քիչ չեն, այնքան շատ են, որ կարող են քաղաքական իրավիճակը փոխել.
«Իսկ եթե այդ հանրային տարրը, այդ հանրության հատվածը ի զորու է փոխել իրականությունը, ուրեմն՝ նա վտանգավոր է, որովհետև իրեն շատ հեշտ է շահարկել և օգտագործել՝ ընդամենը 5-15 հազար դրամով:
Փաստորեն այն ուժերը, որոնք այդ ճանապարհով եկան իշխանության, փորձեցին դիմել հանրությանը՝ արդարության և չգիտեմ ինչի սպասումով, իբրև թե, հանրությունը պետք է ինքնադրսևորվի և ճիշտ ուղու վրա դնի քաղաքական ընթացքը: Լավ է, որ ճիշտ պահի հասկացան, որ հույսը պետք չէ դնել այդ հանրության վրա, որովհետև, բնականաբար, իրենց հույսը այն ընտրազանգվածի վրա էր, որին իրենք ժամանակին կաշառել էին և փաստորեն գնել էին հանրության այդ հատվածի վերաբերմունքը, շատ լավ հասկացան, որ հիմնական սպասումը հանրության այդ հատվածի դարձյալ այդ 5-15 հազար դրամը պետք է լինի:
Մենք տեսնում ենք, որ այս պարագայում քաղաքականության մասին մենք չենք կարող խոսել, որովհետև իրականում ապաքաղաքական իրավիճակ է: Այսինքն՝ այստեղ չկա քաղաքականություն, այստեղ անհասկանալի մի խայտաբղետ պատկեր է, որի մեջ ես տեսնում եմ միայն շահի գերակայության հանգամանքը»:
Վ. Արծրունին կարծում է՝ իրականում իրականությունը տագնապալի է, ելքի զգացողություն չի ենթադրում. «Ինքը չի առաջացնում որևէ մեկի մոտ ելքի զգացողությունը, մենք բոլորս թաղված ենք այդ տիղմի մեջ, շատ լավ գիտակցելով՝ որ այս մոդելն ու տեսակը, որի մեջ մենք հանկարծ հայտնվեցինք, չի էլ ենթադրում ելք, և մենք չենք կարող մերվել այս իրականությանը»:
Մանրամասները՝ տեսանյութում: