«Ես շատ վախենում եմ, որ Օլանդից բացի՝ ուրիշ պետությունների ղեկավարներ ոչ թե այստեղ կգան, այլ՝ Թուրքիա կգնան». Ազատ Եղիազարյան

Երեկ մի խումբ մտավորականներ հայտարարություն էին տարածել, որով հայտնել էին իրենց մտահոգությունը երկրի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Այդ հայտարարության տակ ստորագրել են Ազատ Եղիազարյանը (Բանասիրական գիտությունների թեկնածու), Կարինե Դանիելյանը (Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր), Թաթուլ Մանասերյանը (Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր), Ֆերդինանդ Առաքելյանը (Քանդակագործ), Բենիամին Միրզոյանը (Պրոֆեսոր, Հայրենական Մեծ պատերազմի վետերան), Արմեն Հովսեփյանը (Պատմաբան-քաղաքագետ, ՌԴ հումանիտար գիտ. ակադեմիայի անդամ, պրոֆեսոր), Կարին Տոնոյանը (Լրագրող, հաղորդավար), Ռուբեն Բարենցը (Երևանի աշխարհաքաղաքական ակումբ), Արման Բոշյանը (Երևանի աշխարհաքաղաքական ակումբ), Ջուլիա Մարտիրոսյանը («Ավանգարդ-մեդիա» ՀԿ), Ժասմինա Ղեվոնդյանը («Ներուժ» ՀԿ նախագահ) և Արամ Գ. Սարգսյանը (Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, «Քաղաքակրթությունների երկխոսություն» ազգային կենտրոն ՀԿ ղեկավար)

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այս հայտարարարության տակ ստորագրողները մտավորականներ են, որոնք խիստ մտահոգված են, այն որևէ կուսակցական նրբերանգ չունի, թեև հայտարարության տակ ստորագրել է նաև Հայաստանի դեմոկրական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը:

Ըստ նրա՝ այս խումբը հավակնություն չունի ամբողջ մտավորականության անունից հանդես գալու.

«Բայց մենք մտածում ենք, որ իրավիճակն իսկապես շատ ծանր է: Մեր այս հայտարարությունը նախապատրաստվում էր այսօրվա միտինգի նախօրյակին, միտինգը չեղյալ հայտարարվեց, բայց պարզվեց, որ մեր հայտարարության հրատապությունը չի կորչում, որովհետև միտինգը չեղավ, բայց հո պրոբլեմները չլուծվեցի՞ն: Այս բախումն իսկապես ցույց տվեց, բացեց այն բոլոր սարսափելի, ծանր, ծանրագույն խնդիրները, որոնք կան մեր հանրապետության կյանքում»:

Ա. Եղիազարյանի խոսքով՝ Ցեղասպանության 100-ամյակը շատ ավելի սրում է այդ խնդիրները.

«100-ամյակի միջոցառումներին ովքե՞ր ենք գալու: Օլանդից բացի՝ մինչև հիմա ո՞վ է ասել, որ գալու է մեր Ցեղասպանության 100-ամյակին: Իսկ դա ի՞նչ է նշանակում: Միջազգային հարաբերություններում արդարության խնդիր չկա, և եթե նրանք գան, պետք է գան ոչ թե նրա համար, որ մենք արդար ենք, այլ որ մենք ինչ-որ ուժ ենք ներկայացնում միջազգային ասպարեզում: Արդյոք հիմա ներկայացնո՞ւմ ենք այդ ուժը, արդյոք այս 25 տարվա ընթացքում մեր պետությունը կարողացա՞վ դառնալ այնպիսի պետություն, որի հետ հաշվի նստեին, և որին ժողովուրդը հարգեր, որ դառնար այդ ժողովրդի ներկայացուցիչն ու ղեկավարը: Այսինքն՝ և՛ ներսում, և՛ դրսում սարսափելի ծանր խնդիրներ կան»:

Ա. Եղիազարյանը կարծում է՝ մենք այս 100-ամյակին պետք է գայինք իբրև այս տարածաշրջանի ամենահարգված պետություններից մեկը, բայց մենք 100-ամյակին գալիս ենք իբրև այս տարածաշրջանի ամենաթույլ պետություններից մեկը.

«Եվ դրա համար ես շատ վախենում եմ, որ Օլանդից բացի՝ ուրիշ պետությունների ղեկավարները ոչ թե այստեղ կգան, այլ Թուրքիա կգնան:

Մենք կոչ ենք անում, որ ամբողջ ժողովուրդը, իշխանությունները և ընդդիմությունը, մտավորականությունը՝ բոլորը միասին, փորձեն այս 100-ամյակը լավ անցկացնեն և 100-ամյակից հետո հանրապատությունը դուրս բերեն այս վիճակից»:

Նա նաև տեղեկացրեց, որ այս խումբը, որ ստորագրել է այդ հայտարարության տակ, փորձում է առաջարկություններ մշակել, որոնք հատուկ կներակայացվեն. «Մենք հեղափոխական միջոցառումներ չենք ուզում, մենք գիտենք, որ հեղափոխական կտրուկ միջոցառումները մեր ժողովրդին ոչինչ չեն տալու, բայց ինչ-որ անխուսափելի բաներ կան, որ պետք է արվեն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս