Ֆրանսիան հրաժարվել է ներել Հունաստանի պարտքը
France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Միշել Սապենը հայտարարել է, որ Փարիզը բացառում է Աթենքի պարտքը ներելը, սակայն պատրաստ է քննարկել դրա վճարման պայմանների փոփոխման հարցը.
«Հունաստանը պետք է հստակ ասի, որ մարելու է իր պարտքերը եվրոպացի հարկ վճարողներին: Սակայն չեմ կարծում, թե անհրաժեշտ է դա անել նախկին պայմաններին ամբողջովին համապատասխան: Խոսքը գնում է ինչպես պարտքի մարման ժամկետների, այնպես էլ տոկոսադրույքների փոփոխման հնարավորության մասին»:
Ընդգծվում է, որ Սապենն այս հայտարարությունն արել Բրյուսելում տեղի ունեցած եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարների հանդիպման արդյունքներով, որի ժամանակ քննարկվել է Հունաստանի տնտեսությունում ստեղծված իրավիճակը: Սապենը նաև հայտարարել է, որ եթե Հունաստանը որոշի դուրս գալ եվրոգոտուց, ապա դա վտանգավոր կլինի նրա համար: