Սերժ Սարգսյանին դատարան հրավիրելու միջնորդությունը մերժվեց

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյանի և մյուսների գործի քննությունը: Դատարանում Շանթ և Շահեն Հարությունյանների, Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը դատարանին միջնորդեց վերարտադրել և ապացույց ճանաչել կրիչը, որում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել:

Փաստաբանն ասաց, որ իրենց կարծիքով՝ խախտվել է անմեղության կանխավարկածը, քանի որ նմնա հայտարարություն էր հնչել, եթե լիներ օրիական ուժի մեջ մտած դատավճիռ, այնինչ այդ հայտարարության հնչելու պահին քրեական գործի քննությունը դեռևս ընդհանուր իրավասության դատարանում էլ չէր ավարտվել:

Գործով դատախազն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ դրանով չի հիմնավորում կամ ժխտում անձանց կողմից մեղսագրվող արարքների կատարումը: Վերաքննիչ դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը՝ պատճառաբանությունների շարքում նշելով այն, որ ապացույցները բավարար են վերաքննիչ բողոքների շրջանակներում համապատասխան դատական ակտ կայացնելու համար:

Պաշտպան Ինեսսա Պետրոսյանն էլ միջնորդեց դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պարզաբանելու համար, թե ինչով է պայմանավորված հնչեցված այս հայտարարությունը: Պաշտպանը նշեց, որ ակնհայտ է, որ այդ կարծիքը վճռական նշանակություն է ունեցել և հիմք է եղել, որպեսզի անձինք դատապարտվեին խուլիգանության համար: Պաշտպան Արա Զաքարյանը միացավ միջնորդությանը և նշեց, որ դա էապես ազդել է դատարանի դիրքորոշման վրա: Դատարանը մերժեց այս միջնորդությունը ևս:

Շանթ Հարությունյանն էլ միջնորդեց «իրենց վրայից հանել» հոդվածները՝ նշելով, որ իրենք ինքնապաշտպանության են դիմել, ինքը պաշտպանել է ոչ միայն իրեն, այլև իր ժողովրդին հայրենիքի դավաճաններից. նրանցից մեկն էլ Սերժ Սարգսյանն է: Դատավորները մի քանի անգամ ընդհանտեցին Շանթ Հարությունյանին՝ նշելով, որ դա հայտարարություն է և այժմ այդ փուլը չէր: Մի քանի անգամ Շանթ Հարությունյանին ընդհատելուց հետո՝ նախագահող դատավորը հայտարարեց, որ հեռանում է խորհրդակցական սենյակ: Սակայն միջնորդություններ ունեին մյուս ամբաստանյալները ևս, ովքեր հնարավորություն չունեցան դրանք ներկայացնելու:

Տեսանյութեր

Լրահոս