Ուկրաինան մտադիր է գազի մինչև 60 տոկոսը ներկրել Եվրոպայից. Կոբոլև
Բրիտանական Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ «Ուկրաինայի Նավթոգազի» ղեկավար Անդրեյ Կոբոլևը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստվում է 2015 թվականի գազաապահովման խնդիրը լուծել Եվրոպայից գազամատակարարումների մասնաբաժինը մինչև 60 տոկոսի հասցնելու միջոցով:
Նրա խոսքերով՝ պլանավորված է Ռուսաստանից գնել ողջ ներկրվող գազի 40 տոկոսից ոչ ավելին, իսկ մի քանի տարի անց ուկրաինական կողմը մտադիր է դա կրճատել 1/3-ով: Կոբոլևը հավելել է, որ Ուկրաինան Եվրոպային խնդրելու է գազի ներկրումը մեծացնել մինչև 90 տոկոսի, եթե «Նավթոգազը» և «Գազպրոմը» համաձայնության չգան հետագա գների շուրջ:
Ավելի վաղ Ուկրաինայի ներկրած 70 միլիարդ խորանարդ մետր գազից 50 միլիարդ խորանարդ մետրը բաժին է ընկել Ռուսաստանին: 2014 թվականին Ուկրաինան Ռուսաստանից ներկրել է 14.5 միլիարդ խորանարդ մետր, ինչը 1.8 անգամ զիջում է 2013 թվականի ցուցանիշին՝ 25.8 միլիարդ խորանարդ մետր: