Լեդի Դիանայի հայկական ծագումնաբանությունը. «Ազգ»
«Ազգ» շաբաթաթերթում տպագրված հոդվածում որոշ փաստացի տեղեկություններ են բերված արքայադուստր Դիանայի ծագումնաբանության մասին։ Մասնավորապես նշվում է. «Անգլիայի թագավորական ընտանիքի անդամ Դիանա Սփենսերը ծնվել է 1961թ. հուլիսի 1-ին Անգլիայում, Սանդրինգհեմում։ 1975թ. Դիանայի հայրը ժառանգում է «Կոմս» տիտղոսը, եւ Դիանան դառնում է Լեդի Դիանա։ Նա ամուսնանում է Անգլիայի թագաժառանգ իշխան Չարլզի հետ։ Նրանք ունենում են երկու տղա։ Հետագայում նրանք ամուսնալուծվում են…
Իշխանուհի Դիանայի հեռավոր նախնիներից է Էլիզա Քեւարքը՝ Հնդկաստանից մի հայուհի։ Իշխանուհի Դիանայի մահից մի քանի տարի անց նրա հայրական տանը տարօրինակ տառերով գրություններ գտնվեցին, եւ պարզվեց, որ դրանք Էլիզայի գրած հայերեն գրություններն են՝ ուղղված իր զավակներին եւ թոռներին։
Իշխանուհի Դիանայի տոհմածառը հետեւյալ տեսքն ունի. Էլիզա Քեւարքն ամուսնացել է շոտլանդացի վաճառական Թեոդոր Ֆորբեսի հետ, նրանց դուստր Քեթլին Սքոթ Ֆորբեսը ամուսնացել է Ջեյմս Քրոմբիի հետ, նրանց դուստր Ջեյնը ամուսնացել է Դեյվիդ Լիթլջոնի հետ, նրանց դուստր Ռութն ամուսնացել է Վիլյամ Գիլի հետ, նրանց դուստր Ռութ Սիլվիա Գրիլը՝ Լեդի Դիանայի տատը, ամուսնացել է Լորդ Ֆերմոյի հետ եւ նրանց դուստր Ֆրենսիս Ռութ Բուրկե Տոչը ամուսնացել է Լեդի Դիանայի հոր՝ Սփենսի 8-րդ կոմսի հետ։
Արժանահիշատակ է նաեւ այն, որ Էլիզա Քեւարքը կոչվել է նաեւ տիկին Ֆորբեսյան՝ հայկական ազգանուններին բնորոշ վերջավորությամբ։ Հայկական եւ շոտլանդական (կելտական) գեները իշխանուհի Դիանային դարձրել են բացառիկ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում