«Մեզ պատիվ չի բերում 100-ամյակից առաջ ստեղծված նման մթնոլորտը». Աշոտ Մելքոնյան
Հայկ Դեմոյանը մեկ անգամ չէ, որ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի դեմ հանդես է եկել հրապարակային հայտարարություններով: Նա նախորդ հայտարարություններում իր ատենախոսության տապալումը կապել է ինստիտուտի տնօրենի անվան հետ, նրա գործունեությունը բնորոշելով՝ «խայտառակ, լկտի, կոռուպցիոն»…
Աշոտ Մելքոնյանն անցնող տարվա մեջ տարբեր առիթներով փորձել է հանդարտեցնել իրավիճակը, ինչպես այսօր մեզ հետ զրույցում ասաց, նույնիսկ 10 օր առաջ այցելել է Ցեղասպանության ինստիտուտ-թանգարան, մասնակցել է 100-ամյակի միջոցառումների հայեցակարգային քննարկումներին, կարծիքներ և տեսակետներ է հայտնել, որոնք ընդունվել են. «Իմ մասին Դեմոյանի արած ոչ պատշաճ հայտարարություններից և իմ դեմ նրա գրած հոդվածներից հետո ես այցելել եմ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, մասնակցել եմ հայության համար կարևորություն ներկայացնող հարցի քննարկմանը, նշանակում է՝ ուզում եմ համազգային հարցերն այլ մանր հարցերից վեր դասել, բայց նա շարունակում է «մատի փաթաթան» դարձնել այն տեսակետները, որ ժամանակին հայտնել եմ իր ատենախոսության առթիվ»,- ասաց Աշոտ Մելքոնյանը՝ հիշեցնելով, որ Հայկ Դեմոյանի նման պահվածքը նրա ատենախոսության պաշտպանությանն իր չմասնակցելու առիթով է: «Քաղաքական հարցեր կային: Ես չէի կարող մասնակցել մի ատենախոսության պաշտպանության, որի մեջ ներկայացված որոշ հարցերի հետ համաձայն չէի: Նրա ատենախոսության մեջ հայ-ադրբեջանական հարցում Թուրքիան ներկայացվում է՝ իբրև կոնֆլիկտի կողմ, ինչը շատ վտանգավոր տեսակետ է: Թուրքիան կոնֆլիկտի կողմ չէ, այ ներքաշված է կոնֆլիկտի մեջ: Իսկ իմ անհամաձայնությունը նա ընկալել է՝ իբրև անձնական վիրավորանք, և առիթը բաց չի թողնում տարբեր հայտարարություններ անելու իմ անձի մասին: Մեր միջև անձնական հարց չկա: Եթե լիներ, ես տասն օր առաջ չէի այցելի: Այսօր էլ պատրաստ եմ համագործակցել Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովի հետ»,- 168.am-ին հայտնեց Աշոտ Մելքոնյանը: Նա կրկին անգամ անպատվաբեր համարեց Հայկ Դեմոյանի հայտարությունները՝ նշելով, որ Ցեղասպանության 100-ամյակից առաջ հայ ժողովրդին պատիվ չի բերում նման միջավայրում անցկացնել միջոցառումները:
Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Ցեղասպանությանն առնչվող գիտական հարցերի առումով՝ Հայկ Դեմոյանի գործունեությունն առհասարակ, Աշոտ Մելքոնյանը պատասխանեց. «Ուրիշից հարցրեք: Ես այդ հարցին չեմ պատասխանի, քանի որ շատ սուբյեկտիվ կլինի իմ տեսակետը»: