Գերագույն ռադան չեղյալ է հայտարարել Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակը չեղյալ հայտարարելու մասին օրինագիծը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը հայտարարել էր, որ օրինագծի նպատակը Ուկրաինայի անկախության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պաշտպանության ապահովման հավելյալ մեխանիզմների ստեղծումն է:
Օրինագծին կից բացատրագրում նշված է, որ Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակը, որն ամրապնդված է 2010 թվականի հուլիսի 1-ի «Ներքին ու արտաքին քաղաքականության սկզբունքների մասին» օրենքում, անարդյունավետ է եղել՝ կապված արտաքին ագրեսիայից ու ճնշումներից պետության անվտանգության չապահովելու հետ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյին մեղադրել է Ուկրաինան Ռուսաստանի պոտենցիալ ռազմական հակառակորդի վերածելու մեջ՝ կապված երկրի ոչ բլոկային կարգավիճակը վերացնելու հետ: