Բաժիններ՝

Ամալ Քլունին Դողու Փերինչեքի գործով Հայաստանի շահերը կպաշտպանի ՄԻԵԴ-ում

Asbarez պարբերականի փոխանցմամբ՝ Ամալ Ռամզի Ալամուդինը, ով նշանավոր դերասան ու մարդու իրավունքների հարցերով ակտիվիստ Ջորջ Քլունիի կինն է, հաջորդ ամիս Հայաստանի շահերը պաշտպանելու է ՄԻԵԴ-ում: Այս մասին հայտնել է California Courrier թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը:

Տիկին Քլունին մասնագիտացած է միջազգային իրավունքի, քրեական իրավունքի, մարդու իրավունքների պաշտպանության ու հանցագործների արտահանձնման հարցերում: Նա մասնավորապես պաշտպանել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ու Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի շահերը:

Ամալը ծնվել է Լիբանանում, 1978 թվականին, նրա հայրը դրուզ է, իսկ մայրը՝ սուննի մուսուլման: Նա գերազանց տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին ու արաբերենին: Ամալը Ջորջ Քլունիի հետ ամուսնացել է 2014 թվականի սեպտեմբերին, ինչը լայնորեն լուսաբանվեց ԶԼՄ-ներում:

Ամալ Քլունին Ստրասբուրգում աջակցելու է Հայաստանի իրավաբանների թիմին՝ կապված հունվարի 28-ին ՄԻԵԴ-ի կողմից «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի քննման հետ:

Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը 2005 թվականին Շվեյցարիայի Լոզան քաղաքում հայտարարել էր, թե «Հայոց ցեղասպանության մասին պնդումները միջազգային հանրության կողմից տարածվող կեղծիքներ են»:

2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը 1995 թվականին Շվեյցարիայում ուժի մեջ մտած հակառասիստական օրենքի հգիման վրա Փերինչեքին մեղավոր ճանաչեց ռասայական խտրականության մեջ՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը հերքող նրա հրապարակային հայտարարությունների համար (Քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի դրույթների խախտում):

Լոզանի դատարանը թուրք կուսակցապետի նկատմամբ սահմանեց 90-օրյա պայմանական ազատազրկում կամ դրան համարժեք տույժ, ինչպես նաև 3 հազար շվեյցարական ֆրանկի կամ 2500 դոլարի տուգանք:

Փերինչեքը, սակայն վկայակոչելով խոսքի ազատությունը, դիմել էր ՄԻԵԴ, որն էլ 2013 թվականի դեկտեմբերին բավարարել է Փերինչեքի հայցը՝ գտնելով, որ Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան (խոսքի ազատության իրավունք): Դրանից հետո Շվեյցարիայի կառավարությունը բողոքարկել էր ՄԻԵԴ-ի վճիռը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս