«Արամ Մանուկյանի նկատմամբ հարձակումն արվել է PR-ի համար». Արմեն Բադալյան

«Շատ են գրում, որ սա մեկ շղթայի օղակներ են և սա  իշխանությունների կողմից կազմակերպված  միջոցառում  է, որպեսզի լռեցնեն ընդդիմադիր քննադատողներին։ Բնականաբար, ես համաձայն չեմ այդ տեսակետի հետ, ես ենթադրում եմ, որ այս ամբողջ բռնությունները  հաստատ մեկ շղթայի օղակներ չեն, դրանք տարբեր շղթաների օղակներ են, որոնք իրար կողք դրեցին»,- այսօրվա ասուլիսի ժամանակ խոսելով վերջերս ազատամարտիկների և տարբեր հասարակական, քաղաքական գործիչների վրա կատարված հարձակումների մասին՝ նման տեսակետ հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Նա լուրջ չի ընդունում այն տեսակետը, որ իշխանություններն այնքան են վախենում «Նախախորհրդարանից», որ սկսել են նրանց մեքենաները հրդեհել և «այնպես լավ են հրդեհել, որ ոչ մի մեքենա մինչև վերջ չի վառվել». «Այդ «Նախախորհրդարան» հասարակական կազմակերպությունը, որի միջոցառումներին մասնակցում է 50-60 հոգուց ոչ ավելի մարդ, չեմ կարծում, որ այն ուժն է, որը խիստ մտահոգել է իշխանություններին, և շատ կասկածելի է, թե այդ ինչպես եղավ»:

Ըստ Ա. Բադալյանի՝ Ազատամարտիկների Դաշինքի ղեկավարի նկատմամբ կատարված բռնությունը մի քիչ տարօրինակ է. «Մենք հիշում ենք, որ այդ կառույցի ղեկավարը շաբաթը մեկ Ազատության հրապարակում անընդհատ հանրահավաքներ էր անում և նույն ձևով քննադատում էր իշխանություննրին, բայց, չգիտես ինչու, իշխանություններնն այն ժամանակ իր նկատմամբ բռնություն  չէին կիրառում, հիմա որոշեցին կիրառել»:

Խոսելով մյուս երկու ազատամարտիկների նկատամամբ կատարված բռնության դեպքերի մասին՝ Ա. Բադալյանը նշեց, որ եթե ազատամարտիկի հանդեպ բռնարարք է տեղի ունենում, և այդ բռնարարք իրականացնողը հետո չի պատժվում, ապա դա արդեն ազատամարտիկ չէ:

Ա. Բադալյանի համար հասկանալի է, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի նկատամամբ կատարված բռնությունը նույնպես կազմակերպված է եղել, բայց այստեղ ավելի հետաքրքիր է այն պատճառաբանությունը, որ բերվեց:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնարարքի դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում քաղաքացի Արշակ Սվազյանը դեկտեմբերի 14-ին ներգրավվել է որպես կասկածյալ։ Արշակը պատմել է, որ ինքը ընդամենը «հայրենասիրական ապտակ» է հասցրել Արամ Մանուկյանին, քանի որ Ռուսաստանում աշխատելու ժամանակ թուրքերի հետ շփվելիս նրանց կողմից միշտ վատ խոսքերի է արժանացել: Մասնավորապես, թուրքերը, ադրբեջանցիները Ռուսաստանում աշխատող հայերին ծաղրել են՝ասելով, թե ձեր երկրում տղամարդ չկա, վիրավորում եւ հայհոյում են նախագահին, մեկը չկա դրանց «հախից գա»: Արշակը նաևւ պատմել է, որ այս խոսքերը իրեն «թասիբի են գցել», հետևելով հայաստանյան զարգացումներին, տեսնելով Արամ Մանուկյանի ելույթները և հնչեցրած խոսքերը նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին՝ որոշել է ՀԱԿ պատգամավորին «մի լավ դաս տալ»: Նախապես իմացել է պատգամավորի տեղը, դարանակալել և հարվածել դեմքին:

Ա. Բադալյանը նկատեց, որ եթե մարդ այստեղ չի կարողանում իրեն դրսևորել, նա առաջին հերթին քննադատում է իշխանություններին և թողնում ու հեռանում է, որ այնտեղ ընտանիք պահելու համար կարողանա գումար աշխատել. «Նա, դժգոհ լինելով Հայաստանի իշխանություններից, գնացել է Մոսկվա, սակայն տեսնելով, որ այդ նույն նախագահին, որի պատճառով ինքը ստիպված խոպան է գնացել, քննադատում են, վերադարձել է ու ապտակ է տվել: Նրանք, ովքեր այս տերմինը դրեցին շրջանառության մեջ, հասկացա՞ն՝ ինչ արեցին: Փաստորեն, Հայաստանի անվտանգության համակարգն այնքան է իջել, որ Հայաստանում ներքաղաքական հարցերն արդեն Մոսկվայի ադրբեջանական համայնքն է լուծում: Նրանք, ովքեր այս տերմինը դրեցին շրջանառտության մեջ, պետք է ուրիշ պատճառ գտնեին և ոչ թե այդ պատճառը»:

Ըստ նրա՝ սա, ամենայն հավանականությամբ արվել է PR-ի համար, որովհետև աղմուկն ավելի շատ էր, քան բուն գործողությունները. «Թե հիմա ում է պետք է այդ PR-ը, թող իշխանության ներքին խմբավորումները իրենց մեջ պարզեն»:

Տեսանյութեր

Լրահոս