Բաժիններ՝

2014 թվականին աշխարհի երկրների բանտերում գտնվում է 220 լրագրող. CPJ

«Լրագրողների պաշտպանության կոմիտեն» (CPJ) հրապարակել է ազատազրկման մեջ գտնվող լրագրողների մասին իր տարեկան զեկույցը: Դրա համաձայն՝ իրենց պրոֆեսիոնալ գործունեության համար աշխարհի տարբեր երկրների բանտերում գտնվում է 220 լրագրող, ինչը 9-ով ավելին է (211 լրագրող)՝ համեմատած 2013 թվականի հետ:

CPJ-ը համապատասխան դիտարկումներ է իրականացնում 1990 թվականից սկսած, և սա այդ ողջ ընթացքում երկրորդ վատթարագույն գլոբալ հաշվետվությունն է: Ամենավատ ցուցանիշը գրանցվել է 2012 թվականին՝ 232 լրագրող:

Ազատազրկված լրագրողների թվով «առաջատարը» Չինաստանն է, իսկ երկրորդ տեղում՝ Իրանը: Այս երկու երկրներին է բաժին ընկել աշխարհում ազատազրկված լրագրողների 1/3-ը: Եթե նախորդ տարի Չինաստանում ազատազրկված լրագրողների թիվը կազմել է 32, ապա այս տարի այդ ցուցանիշը հասել է 44-ի:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա այս երկրում վերջին տարիներին նկատվում է ազատազրկված լրագրողների թվաքանակի պակաս: Եթե 2012 թվականին այն հասել էր 45-ի, ինչը ռեկորդային ցուցանիշ է, ապա 2013 թվականին այն կազմել է 35, իսկ այս տարի՝ 30 լրագրող:

Բանտարկված լրագրողների թվով 10 «առաջատար» երկրների թվում են հայտնվել նաև Էրիթրեան, Եթովպիան, Վիետնամը, Սիրիան, Եգիպտոսը, Մյանմարը, Ադրբեջանն ու Թուրքիան: Սիրիայում մոտ 20 լրագրող համարվում է անհետ կորած. ենթադրվում է, որ նրանք գերության մեջ են պահվում «Իսլամական պետություն» զինված խմբավորման մոտ:

2012 և 2013 թվականին բանտարկված լրագրողների ցուցանիշով առաջատար դիրքեր զբաղեցրած Թուրքիայի իշխանություններն ազատ են արձակել նրանց մեծ մասին. բանտերում մնացել է 7 լրագրող զեկույցի պատրաստման ժամանակ:

Սակայն դեկտեմբերի 14-ին Թուրքիայի իշխանությունները հակապետական գործունեության մեղադրանքով ձերբակալեցին ԶԼՄ-ների մի շարք աշխատակիցների, այդ թվում նաև Գյուլենի շարժմանն աջակցող «Զաման» օրաթերթի գլխավոր խմբագրին:

Արդեն 3-րդ տարին աընդմեջ աշխարհի երկրների բանտերում գտնվում է ավելի քան 200 լրագրող: Աշխարհի մասշտաբով 132 լրագրող (60 տոկոսը) բանտեր են ուղարկվել՝ մեղադրվելու հակապետական գործունեության (քայքայիչ գործունեություն կամ ահաբեկչություն) մեջ:

Դա շատ ավելին է, քան այն լրագրողների թիվը, որոնք վանդակաճաղերից այն կողմ հայտնվել են այլ մեղադրանքներով, ինչպիսիք են զրպարտելն ու վիրավորանք հասցնելը: 45 լրագրող (20 տոկոս) բանտում ազատազրկում է կրում՝ առանց իրենց դեմ որևէ մեղադրանք ներկայացվելու:

Ազատազրկում կրող լրագրողների կեսից ավելին (119) հանդիսանում են էլեկտրոնային ԶԼՄ-ների, 83-ը՝ տպագիր ԶԼՄ-ների, 15-ը՝ ռադիոյի և 14-ը՝ հեռուստատեսության աշխատակիցներ: Ազատազրկում կրող լրագրողների մոտ 1/3-ը (67) անկախ լրագրողներ են:

2014 թվականին ազատազրկված լրագրողների թիվն աճել է Էրիթրեայում, Եթովպիայում, Չինաստանում, Բանգլադեշում, Թայլանդում, Ադրբեջանում, Բահրեյնում, Եգիպտոսում, Իսրայելում ու պաղեստինյան օկուպացված տարածքներում, ինչպես նաև Սաուդյան Արաբիայում:

Եգիպտոսում ավելի քան կրկնապատկվել է ազատազրկված լրագրողների թիվը՝ դա հասցվելով նվազագույնը մինչև 12 լրագրողի, որոնց թվում 3-ը «Ալ-Ջազիրա» միջազգային հեռուստաընկերության լրագրողներ են: Ադրբեջանի իշխանությունները շարունակում են բանտերում պահել 9 լրագրողի, ինչը 1-ով շատ է՝ համեմատած նախորդ տարվա հետ:

Վերջին տարիներին սկսել են լրագրողներին ավելի հազվադեպ բանտարկել Հյուսիսային ու Հարավային Ամերիկայում: 2012 և 2013 թվականներին դրանցում գրանցվել է լրագրողի ազատազրկման մեկական դեպք: Այս տարի այդ թիվն աճել է մինչև 2-ի: Կուբայում բլոգերի են դատապարտել 5 տարով: Եվս մեկ լրագրող կալանավորվել է Մեքսիկայում:

Վերջին տարվա ընթացքում CPJ-ի իրավապաշտպան գործունեությունը հանգեցրել է աշխարհի տարբեր երկրներում առնվազն 41 լրագրողի վաղաժամ ազատ արձակմանը: CPJ-ի տվյալներով՝ 1992-2014 թվականներին աշխարհում սպանվել է 1094 լրագրող:

Հիշեցնենք, որ Press Emblem Campaign (PEC) հասարակական կազմակերպության հաշվետվության համաձայն՝ 2014 թվականին աշխարհում սպանվել է 128 լրագրող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս