2014 թվականին աշխարհում սպանվել է 128 լրագրող. PEC

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականին 32 երկրում սպանվել է 128 լրագրող: Այս մասին նշված է Ժնևում բազավորված և ՄԱԿ-ին կից Press Emblem Campaign (PEC) հասարակական կազմակերպության հաշվետվությունում:

Լրագրողների սպանությունների ամենաշատ դեպքերը բաժին են ընկել Մերձավոր Սրևելքին, ուր այս տարի սպանվել է 46 լրագրող: Ասիայում սպանվել է 31, Լատինական Ամերիկայում՝ 27, Սահարայից հարավ ընկած աֆրիկյան գոտում՝ 14, իսկ Եվրոպայում՝ 10 լրագրող:

Շատ լրագրողներ իրենց ծառայողական պարտավորությունները կատարելիս զոհվել են Պաղեստինի, Սիրիայի, Իրաքի, Պակիստանի ու Ուկրաինայի թեժ կետերում: Լրագրողներն ամենաշատը սպանվել են Գազայի հատվածում, ուր այս տարի Իսրայելի ձեռնարկած ռազմական գործողության ժամանակ զոհվել է 16 լրագրող: Ապա գալիս է Սիրիան, ուր սպանվել է 13 լրագրող, Պակիստանը՝ 12 լրագրող, Իրաքը՝ 10 լրագրող:

Փաստաթղթում նշված է, որ լրագրողների համար ամենավտանգավոր տեղերի թվում 4-րդ տեղը զբաղեցրած Իրաքում լրագրողների մեծ մասը զոհվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների ձեռնարկած հարձակումների հետևանքով: Ուկրաինայում բախումների հետևանքով զոհվել է 9 լրագրող, որոնցից 4-ը Ռուսաստանի քաղաքացիներ են:

Մեքսիկայում սպանվել է 8, Աֆղանստանում՝ 6, Հոնդուրասում ու Սոմալիում՝ 5-ական, Բրազիլիայում ու ԿԱՀ-ում՝ 4-ական լրագրող: Կամբոջայում, Գվինեայում, Պարագվայում ու Ֆիլիպիններում սպանվել է երեքական լրագրող, Բանգլադեշում, Կոլումբիայում, Հնդկաստանում, Լիբիայում, Թուրքիայում, Պերուում ու Եմենում՝ երկուական լրագրող, իսկ Մյանմարում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Դոմինիկյան Հանրապետությունում, Եգիպտոսում, Լիբանանում, Նիգերիայում, Պանամայում, Ռուսաստանում, Սալվադորում ու Սաուդյան Արաբիայում՝ մեկական լրագրող:

PEC-ի նախորդ տարվա զեկույցի համաձայն՝ 2013 թվականին աշխարհում սպանվել է 129 լրագրող:

Տեսանյութեր

Լրահոս