Ադրբեջանի քաղաքացիները չեն զգում նավթի գնանկման հետևանքները. Իլհամ Ալիև
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի քաղաքացիները «չեն զգա» համաշխարհային շուկաներում նավթի գնանկման հետևանքները.
«Ներկայումս նավթի գինը կտրուկ ընկել է: Մի՞թե Ադրբեջանում որևէ մեկը զգացել է դա: Ո՛չ, չի զգում, որովհետև մենք ունենք շատ ուժեղ տնտեսական հիմքեր: Մանաթի փոխարժեքը կայուն է, և դա հիմք է տալիս պնդելու, որ Ադրբեջանում կա տնտեսական ուժ, կանխամտածված քաղաքականություն, ինչպես նաև սոցիալական քաղաքականություն»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ նավթի գնանկումն Ադրբեջանին հարկադրել է նվազեցնել 2015 թվականի բյուջեն: Ադրբեջանը 2015 թվականի բյուջեի նախագիծը պատրաստել է մեկ բարել նավթի դիմաց 90 դոլարի հաշվարկի հիման վրա, մինչդեռ այս տարվա բյուջեի պարագայում այն կազմել է 100 դոլար: