Ինչպե՞ս է պետք օգտագործել սառցարանը և ի՞նչ է կարելի պահել այնտեղ. գաստրոէնտերոլոգ
Սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ամենօրյա տեմպը ստիպում է մեզ օրվա ճաշերը արագ պատրաստելու ելքեր փնտրել: Այս գործում մեր հիմնական օգնականներից է սառցարանը, որտեղ հնարավոր է երկար ժամանակով պահել ինչպես հում, այնպես էլ եփած սնունդը:
Ինչպե՞ս է պետք օգտագործել սառցարանը և ի՞նչ է կարելի պահել այնտեղ»:
Սառեցնելը սնունդ պահելու ամենալավ միջոցն է, որը թույլ է տալիս պահպանել օգտակար նյութերի և վիտամինների բավականին մեծ մասը, քիչ ժամանակ է պահանջում, ինչու չէ, նաև մատչելի է:
Ի՞նչ կարելի է սառեցնել
- Կարագն ու մարգարինը կարելի է պահել սառցարանում մինչև 3 ամիս:
- Քերած պանիրը կարելի է պահել մինչև 4 ամիս և օգտագործել առանց մթերքի հետ գալուն սպասելու:
- Կաթը կարելի է 1 ամիս պահել սառցարանում
- Հում խմորները կարող են մնալ 6 ամիս, հետ գալուն բավական է 1 ժամը
- Հացը նույնպես կարելի է սառեցնել (բացի պինդ կեղևով հացատեսակներից: Օրինակ՝ ֆրանսիական հացը/,
- Հատապտուղներ, խորոված բանջարեղեն, հում բանջարեղենի տեսակներ, կանաչիներ և այլն մինչև 6 ամիս
- Իհարկե, նաև մսամթերքը, ձկնեղենը, թռչնամիը…
Կան մի քանի կարևոր կանոններ, որոնք պետք է պահպանել:
1. Ուշադիր եղեք, որպեսզի այն տարրան, որով մթերքը տեղադրում եք սառցարանում, լինի հատուկ սառեցման համար համապատասխան (սովորաբար դրանց վրա նշվում է)
2. Որքան լիքը լինի սառցարանը, այնքան այն խնայողաբար է աշխատում: Դատարկ մնացած տարածքը կարող եք պլաստիկ շշերով լցնել:
3. Մինչ ինչ-որ եփած մթերք սառցարանում տեղավորելը, թողեք, որ այն լավ սառչի:
4. Անպայման հաշվի առեք այն քանակը, որը պետք է գալու օգտագործելիս, ավելորդ մթերք մի հանեք սառցարանից
5. Արդեն մեկ անգամ սառեցրած, ետ բերած սնունդը երկրորդ անգամ չի կարելի նորից սառեցնել
6. Որպեսզի սխալ մթերք չհանեք (ասենք` տավարի մսի փոխարեն խոզի միս), նախապես պիտակներ կպցրեք այն փաթեթներին, որոնք, ըստ ձեզ` սառչելուց հետո չեն զանազանվելու
7. Սառեցրեք թարմ և առողջ մթերքներ, այլ ոչ թե հնացած, որն արդեն այդպես ուտել չի լինում: Հիշեք, որ սառեցնել չի նշանակում ախտազերծել կամ թարմացնել, դրանից մթերքի որակը դեպի լավը չի փոխվում: Երբ հանեք օգտագործելու` ունենալու եք դրա նախնական տարբերակը:
8. Հոսանքազրկվելու դեպքում մի բացեք սառցարանի դուռը, որպեսզի այն ինչքան հնարավոր է պահի ներսի սառնությունը: Սառեցված սննդամթերքը այդ վիճակում կարող է մնալ մինչև 24 ժամ: