Երևանում բացվել է զբոսավարների միջազգային ուսումնական կենտրոն
Դեկտեմբերի 11-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Երևանում Զբոսավարների միջազգային ուսումնական կենտրոնի հիմնման մասին» համաձայնագրի ստորագրման արարողությունը:
Համաձայնագիրը ստորագրել են «Հայ Զբոսավարների Գիլդիա» հասարակական կազմակերպության (ՀԶԳ ՀԿ) նախագահ Լիա Բախշինյանը և Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (ԶԱՀՖ/WFTGA) նախագահ Ֆելիսիտաս Վրեսնիգը:
Ստորագրման արարողությանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը, Երևանի պետական համալսարանի, ԱՄՆ ՄԶԳ (USAID) Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներ, այլ հյուրեր և ԶԼՄ ներկայացուցիչներ:
Համաձայնագրի ստորագրումից հետո միջոցառման կազմակերպիչները համառոտ տեղեկատվություն են ներկայացրել կենտրոնի վերաբերյալ, այնուհետև պատասխանել լրագրողների հարցերին:
Աշխարհում գործող վերապատրաստման միջազգային երեք կենտրոններից մեկը Հայաստանում հիմնելու մասին որոշումը ԶԱՀՖ խորհրդի կողմից ընդունվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և ՀԶԳ ՀԿ հրավերով 2013թ. մարտին ԶԱՀՖ նախագահի և փոխնախագահի Հայաստան կատարած այցելությունից հետո` Հայաստանում միջազգային դասընթացների կազմակերպման իրական հնարավորություններին ծանոթանալու և շահագրգիռ կողմերի հետ ունեցած հանդիպումների արդյունքում: Իսկ կենտրոնի հիմնման հիմնական գործընթացը մեկնարկել է դեռևս 2011 թվականից` ՀՀ էկոնոմիկայի նախարարության ԶԱՀՖ, ՀԶԳ ՀԿ, ԱՄՆ ՄԶԳ (USAID) և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համագործակցությամբ, Հայաստանում կազմակերպելով զբոսավարների միջազգային դասընթացների երկու փուլ:
ԶԱՀՖ նախագահ Ֆելիսիտաս Վրեսնիգը և ԶԱՀՖ փոխնախագահ, վերապատրաստման դեպարտամենտի ղեկավար Վիլյա Զիբեն Երևան են ժամանել մասնակցելու միջազգային ուսումնական կենտրոնի պաշտոնական բացմանը:
Դեկտեմբերի 11-ին Երևանում բացված զբոսավարների ուսումնական միջազգային կենտրոնը մեկն է աշխարհում երեք կենտրոններից և միակը տարածաշրջանում: Նման կենտրոններ գործում են Կիպրոսում և Մալազիայում:
Կենտրոնի նպատակն է Հայաստանում կենտրոնացնել տարածաշրջանի զբոսավարների ուսուցումն ու վերապատրաստումը: Կենտրոնի գործունեությունն էապես կնպաստի նաև Հայաստանի, որպես զբոսաշրջային երկրի, միջազգային ճանաչմանը, ոլորտում մարդկային ռեսուրսների զարգացման ծրագրերի (այդ թվում միջազգային) մշակմանն ու իրականացմանը:
Պաշտոնական բացումից անմիջապես հետո կենտրոնում մեկնարկելու է Հայաստանում զբոսավարների միջազգային վերապատրաստման 1-ին փուլը: Վերապատրաստման 2-րդ փուլը նախատեսվում է անցկացնել 2015թ. գարնանը:
Այսօր Հայաստանն ունի ՀԶԳ ՀԿ անդամ ԶԱՀՖ կողմից հավատարմագրված երեք միջազգային և 8 ազգային դասընթացավար:
Միջազգային ուսումնական կենտրոնը գործելու է Երևանի պետական համալսարանի հետ սերտ համագործակցությամբ: Դասընթացները կազմակերպվելու են Երևանի պետական համալսարանում` ներգրավելով նաև համալսարանի մասնագետներին: