Կարեն Անդրեասյանը Սփյուռքում Հայաստանի մասին ահասարսուռ առասպելներ է լսել տնտեսական ռեկետի, պետական թալանի մասին
«Հայաստանում բոլոր մարդկանց իրավունքների խախտման ամենամեծ, կոպտորեն ոտնահարողը Թուրքիան և Ադրբեջանն են»,- այսօր այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ տնտեսական իրավունքների վերաբերյալ կայացած քննարկման ժամանակ: Նրա խոսքով՝ այս երկու պետությունները տնտեսական շրջափակման ճանապարհով էական բացասական ազդեցություն են ունենում բոլորի իրավունքների պաշտպանության վրա:
«Իհարկե, մենք, տարիների ընթացքում մոռանում ենք այս մասին կամ հաճախ չենք բարձրաձայնում, որովհետև խնդիրները փորձում ենք լուծել մեր իսկ դաշտում՝ տեսնելով մեր թերությունները, մեր խնդիրները, բայց պետք է այսօր այստեղ շեշտադրվի, որ մեր աղքատության, մեր տնտեսական խնդիրների մեղավորը, բնակնաբար, մեր երկու հարևան երկրներն են և նաև աշխարհաքաղաքական որոշակի զարգացումներ»,- ասաց Կարեն Անդրեասյանը: Նա ասաց, որ կան նաև ներքին խնդիրներ. իր համար ամենամտահոգիչը տնտեսական իրավունքների պաշտպանության ոչ ճիշտ ընկալումն է: Նրա խոսքով՝ հենց այդ խնդիրն ինքնին բխեցնում է մյուս խնդիրները:
«Օրինակ՝ սփյուռքի տարբեր համայնքներում իմ հանդիպումներում ես լսում եմ այսպիսի առասպելներ, նույնիսկ հուսահատեցնող, ահասարսուռ առասպելներ, որ Հայաստանում, ասենք, գոյություն ունի տնտեսական ռեկետ, պետական թալան, բիզնեսները խլում են: Սրանք ստեր են 2014թ. Հայաստանի համար: Երբ այդ ստերը ցավոք սրտի մնում են օտարերկրյա ներդրողների, այդ թվում սփյուռքի ներդրողների մտքերում, և դրանք բացասաբար են ազդում մեր տնտեսության վրա»,- ասաց Կարեն Անդրեասյանը:
Նա նշեց, որ հանդիպումների ընթացքում ինքը նշել է, որ 20 տարի առաջ կային փողոցային տղաներ, որոնք զբաղվում էին կրպակատերերի ռեկետով, բայց դա 1995-1996թթ. վերացել է.
«Այո, 15 տարի առաջ Հայաստանում հնարավոր չէր զբաղվել բիզնեսով՝ առանց պետական պաշտոնյա հովանավորի կամ գրեթե հնարավոր չէր: Բայց սա էլ է վերացել արդեն 2004-2005թթ.: 10 տարի առաջ պետական չինովնիկները շատ հաճախ կոռուպցիոն դրսևորումներով ճնշում էին գործարարներին ու չէին թողնում, որ նրանք նորմալ աշխատեն: սա էլ գրեթե վերացել է 2009-2010թթ.: 5 տարի առաջ գործարարները հիմնականում վախենում էին դատարան դիմել ընդդեմ մաքսային ու հարկային մարմինների: Իսկ 2013-2014թթ. բազմաթիվ գործարարներ իրենց խնդիրներն ընդդեմ բոլոր պետական մարմինների լուծում են դատական կարգով՝ այն էլ շատ հաճախ հաղթանակներ տոնելով պետական մարմինների նկատմամբ:
Դեռ մեկ տարի առաջ ես ինքս էի ասում, որ արդարադատությունն էապես կաղում է: Բայց այսօր կարող եմ փաստել, որ տնտեսական, քաղաքացիական, վարչական գործերով բավական մեծ դրական առաջնըթաց կա: Խնդիրները շարունակվում են պահպանվել հիմնականում քրեական արդարադատության ոլորտում, որն էականորեն չի ազդում ներդրումային միջավայրի վրա»: