«Պատերազմի հետևանքները հայտնի են. դա այսօրվա փաստացի իրավիճակն է». Աշոտ Ղուլյան
Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի ելույթն ԱՄՆ Կոնգրեսում՝ ԼՂՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը.
«Հարգելի կոնգրեսականներ,
Մեծարգո դեսպան Սարգսյան,
Սիրելի հայրենակիցներ,
Տիկնայք եւ պարոնայք
Ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար եւ ուզում եմ Արցախի Հանրապետության ժողովրդի ու իշխանությունների անունից գոհունակություն եւ երախտագիտություն հայտնել կազմակերպիչներին` Կոնգրեսի հայկական հարցերով խմբին եւ նրան աջակցած կառույցներին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնը Միացյալ Նահանգների Կոնգրեսում նշելու կապակցությամբ:
Ժամանակակից աշխարհում Միացյալ Նահանգներն իրավացիորեն ասոցացվում են ազատության գաղափարն առաջնորդող երկրի հետ, որը ոչ միայն կայացել է իր գաղափարախոսական հիմքում ունենալով ազատության իդեալը, այլեւ այսօր էլ շարունակում է վճռական դեր խաղալ մարդու իրավունքների և ազատությունների, ժողովրդավարական արժեհամակարգի հաստատման ու պահպանման գործում: Զարմանալի կլիներ, եթե իրենց մեջ կրելով ազատության ոգին` ամերիկացիները չհասկանային ազատության իդեալներն աշխարհի այլ կետերում:
Հենց ազատության այդօրինակ ոգով էլ 23 տարի առաջ, դեկտտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, Խորհրդային Միության փլուզմամբ պայմանավորված ծանրագույն իրավիճակում, կատարեց օրինական իր ընտրությունը եւ համաժողովրդական հանրաքվեի միջոցով ամրագրեց արդեն հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանը:
Տիկնայք եւ պարոնայք,
Չափազանց դժվարին ու ծանր է ընթացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացումը. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը եւ բազմաթիվ բնակավայրեր ամիսներ շարունակ հրետակոծվել ու ռմբակոծվել են, հազարավոր մարդիկ ենթարկվել են բռնությունների, ինչին հետեւել է Ադրբեջանի կողմից բացահայտ ռազմական ագրեսիան: Բայց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրեն պարտադրված պատերազմում կարողացել է պաշտպանել ազատության իրավունքը եւ ապագայի իր ընտրությունը` մշտապես առաջնորդվելով, եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով եւ սկզբունքներով:
Խորհրդային իրականության մեջ առաջինը հենց արցախցիներն են, որ 1988թ. փետրվարին ազատության դրոշ են բարձրացրել եւ պայքարի ելել իր իրավունքների համար: Այդ պահից մինչեւ 1991թ. կեսերը մենք սպասում էինք հարցի խաղաղ եւ արդարացի լուծմանը: Ցավով պետք է նշեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի օրինական եւ բնական պահանջների հանդեպ խորհրդային կենտրոնական կառավարությունը ընկալունակ չգտնվեց, իսկ Ադրբեջանը պատասխանեց նրա դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմով: Եվ իբրև թիրախ ընտրվեց խաղաղ բնակչությունը:
Պատերազմի հետեւանքները հայտնի են. դա այսօրվա փաստացի իրավիճակն է: Անցած երկու տասնամյակներն արցախահայության համար եղել են Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքների վերացման, տնտեսության եւ ենթակառուցվածքների վերականգնման, պետական կառավարման եւ հանրային կյանքի ժողովրդավարացման, սոցիալական, հոգեւոր-մշակութային վերազարթոնքի տարիներ:
Երբ մենք խոսում ենք պատերազմի հետեւանքների վերացման մասին, Արցախում հիշում են նաեւ ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1998թ-ից ի վեր հատկացվող միջոցների մասին, որոնք ուղղվում են ադրբեջանական ագրեսիայի ավերիչ հետեւանքների վերացմանը:
Այդ օժանդակությունը, որի կազմակերպման գործում մեծ դեր ունեն Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ մեր բարեկամները, թույլ է տալիս գտնել որոշ ծրագրերի ու հրատապ հարցերի լուծումը, ինչի համար Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը խորապես երախտապարտ է կոնգերսականներին եւ ամերիկյան բարեկամ ժողովրդին:
Արցախի Հանրապետության ժողովուրդը բարձր է գնահատում եւ ոգեւորված է նաեւ քաղաքական այն աջակցությունից, որ ցուցաբերվել ու շարունակում է դրսևորվել ԱՄՆ-ի տարբեր նահանգների (Ռոդ-Այլենդ, Մասսաչուսեթս, Լուիզիանա, Մեյն, Կալիֆորնիա,) օրենսդիր մարմինների կողմից մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու ժողովրդավար անկախությունը սատարող բանաձևերի տեսքով։
Տիկնայք և պարոնայք,
Առանց չափազանցության կարելի է ասել, որ բացառիկ են մեր երկրի առջեւ կանգնած մարտահրավերները. գտնվելով Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ենթարկվելու մշտական վտանգի տակ, հաղթահարելով շրջափակման հետեւանքով առկա դժվարությունները՝ մենք, այնուամենայնիվ, քաղաքական կամք ենք ցուցաբերել եւ վերափոխել պետական կառավարման համակարգը։
Մեր հանրապետության անցած ճանապարհի յուրահատուկ ամփոփում պետք է համարել 2006թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեն, երբ ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը: Դա ազատ եւ ինքնիշխան ապրելու մեր ժողովրդի կամքի եւս մեկ արտահայտություն է` արդեն սահմանադրական ձեւակերպումների տեսքով, որն անշրջելի է դարձրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` իբրեւ անկախ ու ժողովրդավարական զարգացման ուղի որդեգրած պետության, գոյության փաստը:
Արցախում մենք խորապես հավատում ենք ժողովրդավարական արժեքներին, եւ նույնիսկ միջազգային գործընթացներից մեզ մեկուսացնելու համառ փորձերի պայմաններում ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային տարբեր կազմակերպություններ (օրինակ՝ Freedom House –ի տարեկան զեկույցը), եւ առանձին փորձագետներ ժողովրդավարության զարգացման ցուցանիշների աճ են գրանցում Լեռնային Ղարաբաղում։
2015թ. մայիսին տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները և մենք ուրախ կլինենք ընդունելու ամերիկյան դիտորդներին:
Հարգելի ներկաներ,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններն ու ժողովուրդը անչափ բարձր են գնահատում ԱՄՆ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, միջնորդական առաքելությունն Ադրբեջանի հետ բանակցություններում: Մենք ձգտում ենք խնդրի խաղաղ եւ արդարացի կարգավորման, ինչը, ցավոք, արժանիորեն չի գնահատվում մեր ընդդիմախոսների կողմից: Ավելին, մենք տարեցտարի արձանագրում ենք արմենաֆոբիայի եւ միլիտարիստական հռետորաբանության վտանգավոր աճ, որն Ադրբեջանում արդեն պետական քաղաքականություն է:
Պաշտոնական Բաքուն չի խորշում միջոցներից՝ բանակցային գործընթացը տապալելու համար: Դրա վառ օրինակներից են անցած հուլիս-օգոստոսին ղարաբաղա-ադրբեջանական ու Հայաստան-Ադրբեջան սահմանների ամբողջ երկայնքով լարվածության վտանգավոր սրացումներն ու զինադադարի բազմակի խախտումների նախաձեռնումը, ինչպես նաև օրեր առաջ` նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական կողմից Արցախի օդուժի ուղղաթիռի խոցումը:
Մեր խորին համոզմամբ նշված զարգացումները պայմանավորված են Ադրբեջանի կողմից միջազգային կառույցների առջեւ ստանձնած պարտավորությունների հանդեպ քամահրանքի, այդ թվում` զանգվածային սպառազինման չվերահսկվող թողտվության, սեփական երկրում մարդու իրավունքների համատարած խախտումների եւ այդ ամենի նկատմամբ միջազգային կառույցների անհամարժեք արձագանքներով ու դրանց արդյունքում պաշտոնական Բաքվի մոտ ձեւավորված անպատժելիության զգացումով:
Նման իրավիճակում մենք գտնում ենք, որ Հարավային Կովկասում տևական խաղաղության ու կայունության հաստատման միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի անկախության միջազգային ճանաչումն է եւ անվտանգության միջազգային երաշխիքներով նրան օժտելը:
Բարեկամներ,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում լավ գիտեն ազատության եւ այն պաշտպանելու ելած ժողովրդի անվտանգության ու խաղաղության գինը: Դրանց համար արցախցին ու մեր երկիրը ստիպված են պայքարել ամեն օր:
Մի անգամ Ֆրանկլին Ռուզվելտն ամերիկացիներին հիշեցրել է. «Ցանկացած ժամանակաշրջան մեռնող մի երազանք է կամ էլ մի երազանք, որ նոր է ծնվելու»: Մեր օրերում ու մեր տարածաշրջանում այդ փիլիսոփայության իմաստը ոչ այլ ինչ է, քան` բռնապետության դեմ հանուն ազատության պայքար:
Արցախի ազատագրումը ադրբեջանական բռնապետությունից երազանք էր, որ դարձավ իրականություն:
Ազատ ու անկախ պետություն ունենալը երազանք էր, եւ այսօր դա էլ է իրականություն:
Արցախի նոր սերունդն էլ իր երազանքներն ունի: Դա քաղաքակիրթ ազգերի հանրությանն օրինական մաս կազմելու, այդ բազմազանության մեջ մեր ինքնությունն ազատ եւ լիարժեք դրսեւորելու տեսլականն է:
Եվ ինչքան դժվարին ու անկանխատեսելի են Աստծո նախանշած ուղիները, մենք գիտենք, որ հաջողությունն ուղեկցում է նրանց, ովքեր ձգտում եւ պայքարում են:
Արցախում մենք ձգտում ու պայքարում ենք:
Այդ ճանապարհին մեզ հետ են իրավունքը, հաստատակամությունը եւ հավատը:
Եւ թող Աստված պահի ու առաջնորդի մեզ:
Շնորհակալություն»: