Աքքույուի ատոմակայանի կառուցման աշխատաքները Թուրքիայում կմեկնարկեն մինչև մարտ. Կիրիենկո

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն երեկ հայտարարել է, որ Թուրքիայում նոր ատոմակայանի էլեկտրաէներգիայի մատակարարման մասին պայմանագիրը պետք է համաձայնեցվի մինչև տարեվերջ.

«Մինչև տարեվերջ պետք է համաձայնեցվի էլեկտրաէներգիայի գնման պայմանագիրը, քանի որ մենք ինքներս ենք կառուցում կայանը, մենք ենք տիրում նրան և շահագործում, իսկ թուրքական պետական ընկերությունը կնքում է երաշխավորված պայմանագիր՝ նախապես համաձայնեցված գնով էլեկտրաէներգիա գնելու համար, ինչն էլ կծածկի մեր համապատասխան ծախսերն ու կատարած ներդրումները»:

Կիրիենկոյի խոսքերով՝ աշխատանքներն ընթանում են լայն թափով, և կողմերը բոլոր պայմանավորվածությունները կատարում են գրաֆիկին համապատասխան: Կիրիենկոն հավելել է, որ Աքքույուի ատոմակայանի կառուցումը Թուրքիայում մեկնարկելու է մինչև մարտ.

«Ելնում ենք նրանից, որ մինչև մարտ մենք կսկսենք շինհրապարակում անմիջական աշխատանքները: Արդեն իսկ ընթանում է սարքավորումների համապատասխան պատվերը, պատրաստում են մասնագետներ»: Կիրիենկոն չի բացառել, որ «Ռոսատոմը» կարող է ատոմային այլ նախագծեր նույնպես իրականացնել Թուրքիայում:

Աքքույուի ատոմակայանի կառուցման ու շահագործման մասին պայմանագիրը Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են 2010 թվականին: Աքքույուի ատոմակայանն ունենալու է 4 էներգաբլոկ, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կազմելու է 1200 մեգավատտ: Նախագիծը գնահատվում է մոտ 20 միլիարդ դոլար:

Տեսանյութեր

Լրահոս