Ոստիկանությունը, Միկոյանի նման սեփական ժողովրդին զոհաբերելով, հաճոյանում է իր տերերին. Իրավապաշտպան (տեսանյութ)
«Այն, ինչ կատարվել է, դա ոչ միայն օրինական չէ, չի հետապնդում օրենքով նախատեսված նպատակ, այլ նաև անհրաժեշտ չէ ժողովրդական հասարակությանը»,-խոսելով՝ նոյեմբերի 12-ին և 14-ին անցկացված ակցիաների ժամանակ ոստիկանութայն և ակտիվիստների մեջ տեղի ունեցած բախումների մասին՝ նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:
«Որքանով են իրավաչափ ոստիկանության գործողությունները ակցիաների ժամանակ» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ նա նշեց, որ այս դեպքերում իրավունքի խախտումն առկա է: Նրա խոսքով՝ անձինք իրենք են որոշում ինչպես պաշտպանել իրենց իրավունքները, և չի կարելի անձին պարտադրել, որ նա իրականացնի իրավունքների պաշտպանությունը՝ կոնկրետ ոստիկանի համար ցանկալի եղանակով.
«Ասենք՝ հիմա կկատարես իմ ասածը, հետո կդիմես դատարան: Սա խոսում է նաև նրանց վերաբերմունքի մասին դատարանի նկատմամբ: Իրենք իրենց այնպես են դրսևորում, կարծես դատարանը իրենց գրպանում դրված է: Սրա մասին պետք է մտածեն նաև դատարանները»:
Նա նկատեց, որ նոյեմբերի 14-ին կայացած Սահմանադրական դատարանի նիստը թեև գրավոր ընթացակարգով էր ընթանում, սակայն այն դռնբաց էր, որին կարող էր մասնակցել յուրաքանչյուրը. «Սա ևս խախտում է: Եթե հարց է բարձրացվում իրավունքների մրցակցության մասին, ասենք, հավաքների ազատության իրավունքի և ազատ տեղաշարժման իրավունքի, ապա այս մրցակցության դեպքում նախապատվությունը բոլոր դեպքերում պետք է տրվի հավաքների իրավունքին: Սա ծայրասիտիճան հիմնարար իրավունք է: Սա ժողովրդական հասարակության հիմքն է ընդհանրապես»,- ասում է Արտակ Զեյնալյանը:
Իրավապաշտպանի խոսքով՝ ոստիկանների առաքելությունը հետևյալն է՝ ապահովել ոչ թե հավաքի խաղաղ ընթացքը, այլ բնականոն ընթացքը, որպեսզի հավաք իրականացնող անձանց խաղաղ հավաքների ազատության իրավունքին որևէ մեկը չմիջամտի, և ոչ թե իրենք դառնան այդ միջամտության աղբյուրը. «Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ 2008 թվականի կուլմինացիայից հետո, վիճակը լավ էր, երբ նոր էր ընդունվել «Հավաքների ազատության մասին» օրենքը: Վերջին 2 տարիների ընթացքում հետընթաց է ապրել: Ոստիկանների վարքագիծը գնալով ավելի վատանում է»:
Հարցին՝ ինչո՞վ եք պայմանավորում դա, իրավապաշտպանը պատասխանեց՝ իշխանությունների ոչ լեգիտիմությամբ. «Եթե պետական իշխանությունը, քաղաքական պաշտոնատար անձինք օրինական են ընտրված և նրանց նկատմամբ առկա է ժողովրդի հավատը, ապա նրանք կարիք չունեն ունենալու զինյալների խմբավորում, որպեսզի նրանց պաշտպանեն ժողովրդից: Նրանք պետք է ծառայեն ժողովրդին և որևէ խնդիր չունեն տարանջատվելու, անջրպետ ունենալու ժողովդրի հետ, իսկ տվյալ դեպքում նրանք դրա կարիքն ունեն և իրականցնում են դա: Մաքսային միությանը, ԵՏՄ-ին անդամակցելուց հետո՝ մենք գնալով պիտի նմանվենք այդ ակումբի մյուս անդամենրին՝ մարդու իրավունենրի պաշտպանության վիճակի տեսակետից: Սա օրինաչափությունն, է և Ոստիկանությունը դա էլ իրականցնում է իրենց հերոսների նման՝ Միկոյանի նման սեփական ժողովրդին զոհաբերելով, որպեսզի հաճոյանան, ասենք, նրա տերերին: Սա օկուպացիայի ձևերից մեկն է»: