«Մենք՝ հայերս, ընկնում ենք հենց յաթաղանի և մուրճի արանքը». Տիգրան Խզմալյան. medialab.am

Վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ «Մեդիալաբը» զրուցել է «Նախախորհրդարանի» անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի հետ

– Պարոն Խզմալյան, ոչ իշխանական եռյակն այս փուլում հանրահավաքներ է անցկացնում՝ իշխանափոխության պահանջով, ի՞նչ պետք է ակնկալել այս գործընթացից:

– Ոչ մի իշխանափոխության մասին խոսք չի գնում, եթե ինքներս մեզ չխաբենք: Իշխանափոխության մասին բավական անկեղծ արտահայտվեց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը: Հարցին, թե ինչպե՞ս կարող է Հովիկ Աբրահամյանի խնամին իշխանափոխություն անել և խոսել փոփոխությունների մասին, նա պատասխանեց. «Այդ հարցը նախ և առաջ դուք պետք է տրամաբանեք, ինձ մի հարցրեք»: Այսինքն,այդ հեգնանքը վկայությունն է այն բանի, որ իշխանությունները շատ սառնասրտորեն են վերաբերվում և լիովին վերահսկում են իրականացվող այդ կրկեսային հանդիսությունները, որոնք ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում հրապարակում: Ոստիկանները ոչ թե խոչընդոտում, այլ օգնում են մարզերից մարդկանց բերելու հարցում, դա լայնորեն լուսաբանվում է: Այս ամենը ցույց է տալիս, որ իրենց համար լավագույն դեպքում տեղի է ունենալու սահուն տեղափոխություն, այլ ոչ հեղափոխություն՝ սեփականության և իշխանության պահպանման հստակ երաշխիքներով:

– Փաստացի հնարավոր եք համարում, որ պաշտոննե՞ր կտրվեն եռյակի անդամներին:

– Եռյակի անդամները, փաստորեն, իշխանության մաս են կազմում, ակնհայտ է դա, որովհետև իրենք պահպանում են իշխանության ամենակարևոր բաղադրիչը՝ դա սեփականությունն է և դրանից եկող եկամուտները: Եթե մարդիկ կարող են հեռուստատեսություն ունենալ, եթե կարող են թերթեր պահել, ամենակարևորը՝ եկամտաբեր բիզնեսներ ունենալ երկրում, ուրեմն նրանք քաղաքական ընդդիմություն չեն գոնե մեր պես բռնապետության մեջ: Իսկ այն, որ Հայաստանում բռնապետություն է, դա ակնհայտ է: Նրանք իրենց մասնակցությամբ և դեմագոգիայով միայն օրինականացնում են դա և շղարշ են քաշում մարդկանց աչքերին:

– Եթե հաշվի առնենք, որ հանրահավաքները բազմամարդ են, ստացվում է, որ ժողովուրդը հերթական անգամ հիասթափվելո՞ւ է:

– Հանրահավաքները բազմամարդ են մի քանի պատճառներով: Բազմամարդ են, որովհետև այդ մարդկանց բերում են, մենք բոլորս կույր չենք և տեսնում ենք, որ մարդիկ ավտոբուսներով գալիս են: Տրանսպորտը վերահսկվում է օլիգարխների կողմից, այսինքն, երբ օլիգարխները օգնում են մարդկանց հրապարակ բերելու գործում, ուրեմն նրանք, մեղմ ասած, դեմ չեն այդ հանրահավաքներին: Մենք տեսնում են հատուկ ծառայությունների և ոստիկանության համագործակցությունը, որովհետև հիշում ենք, թե ինչպես էին արձագանքում նույն կառույցները 2013 թվականին, 2008 թվականին, 2004 թվականին: Ոչ մի համեմատություն լինել չի կարող, իսկ պատճառը պարզ է՝ դա իրենց շահերից է բխում: Սակայն կա նաև մյուս կողմը. մեր ժողովուրդը միշտ պատրաստ է գալ և կատարել իր քաղաքացիական պարտքը: Եվ դա է վկայում բոլոր ընտրություններին մարդկանց մասնակցությունը և փաստացի իշխանությունների պարտությունը: Այն, որ Սերժ Սարգսյանը պարտվել է 2013 թվականի ընտրություններում, դա գաղտնիք չէ: Ուրեմն, ժողովուրդը մեղավոր չէ, մեղավոր ենք մենք, ընդդիմությունն, ամեն մեկն իր չափով: Մարդիկ չեն կարողանում համոզիչ և պարզ ձևով ձևակերպել նպատակները և ժողովրդին կանչել ոչ թե կրկես, այլ իրական պայքարի մասնակցելու: Կարծում եմ, որ մեղքի մեծագայուն մասը ոչ թե եկող ժողովրդինն է, այլ ճիշտ ժամանակին և ճիշտ տեղը չկանչող իրական ընդդիմությանը:

– Հիմա, եթե ստացվում է, որ եռյակի վրա չպետք է ժողովուրդը հույս դնի, ի՞նչ պետք է անել:

-Իմիջայլոց իրենք իրենց ընդդիմություն չեն համարում: Ոչ իշխանական ուժեր, սա երևի նոր խոսք է քաղաքական բառապաշարում: Ես չեմ կարող ասել, որ իրենք անկեղծ չեն, իրենք անկեղծ են, անկեղծ են այնքանով, որ հայտարարում են, որ գալու են փոխարինելու այս մարդկանց իրենց մարդկանցով: Ստացվում է մի զանգված, որը սպասում է իր հերթին: Սակայն դա նույն խավն է, որովհետև մեզ մոտ դասակարգային պայքար է, և մարդիկ, ովքեր ասում են՝ Հայաստանում չկա քաղացիական պատերազմ, չարաչար սխալվում են: Հայաստանում քաղաքացիական պատերազմ է. մի բուռ հարուստներ են, որոնք վերահսկում են ուժային կառույցները, թալանում են ժողովրդին, և այդ պատճառով է առաջացել այս սարսափելի սոցիալական բևեռացումը: Ժողովուրդը հաճախ տեսնում է անձին և չի հետաքրքրվում նրա գաղափարներով: Եթե նախկին ոստիկանը, որը չհերքված տեղեկություններով, անչափահասի բռնաբարության համար տարիներ շարունակ բանտում է անցկացրել, կարող է հավակնել հազարամյա պատմություն և մշակույթ ունեցող երկրի առաջնորդ լինել, ուրեմն դրա մեջ պետք է տեսնել կամ զավեշտ, բայց մեր ժողովուրդը խելագար չէ, կամ դրսից հստակ ուղղվածություն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս