Թուրքիայի երկակի խաղը տանում է մեկուսացման
Միջազգային փորձագիտական խավը հետզհետե ավելի ընդգծված ձևով է խոսում Թուրքիայի դերի լուսանցքայնացման կամ ընդհանրապես Թուրքիայի մեկուսացման գործընթացի մասին: Խնդիրը վերաբերում է Քոբանիի պատերազմին Թուրքիայի կիրառած երկակի խաղին, որ հայտնապես չի տեղավորվում տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի ունեցած պատկերացումների ընդհանուր պարունակում:
Ճիշտ է, որ ԱՄՆ-ը և Արևմուտքը կարեւորագույն դերակատար էին իսլամական ծայրահեղականության ծննդին եւ զարգացմանը, այսուհանդերձ աշխարհաքաղաքական ծրագրերի իրականացման համար ստեղծված այս գործիքը կարող էր դուրս գալ վերահսկողությունից եւ խանգարիչ տարրի վերածվել նույն այդ կենտրոնների մշակած ծրագրերի իրականացման այլ ուղղությունների վրա:
Բախման կետը այս դեպքում Քոբանին է, որտեղ շահերը հակադրվել են փաստորեն: Մոսուլի հետ զուգահեռը այս դեպքում կարող է օգտակար լինել:
Մոսուլի պատահարները իրենց սահմանափակվածությամբ, սահմանագծեր չհատելու կանխորոշումներով եւ մանավանդ ինքնավար Քուրդիստանի տարածքներ զինվորական թափանցումներ չկատարելու փաստերով ընդունելի էին ԱՄՆ-ի և ընդհանրապես Արևմուտքի համար: Իսլամականներին թույլատրվել էր շատ արագ գործադրել գործողություններ, որոնց դիմաց չարձանագրվեցին որեւե հիմնական դիմադրություններ: Այստեղ զոհը եզդիներն էին, որոնց զբաղեցրած տարածքները պետք է մաքրազտվեին եւ անցնեին իսլամականների վերահսկողության տակ: Մոսուլը, իր ընդհանուր գծերում ոչ միայն չէր խանգարում աշխարհաքաղաքական կենտրոնների մշակած ծրագրերը, այլ կարելի է ասել, որ հանգիստ տեղավորվում էր այդ ընդհանուր պարունակում:
Քոբանին այդպես չէր փաստորեն: Իսլամականները, Քոբանիի դռները հասնելուց հետո չէր, որ պատուհաս դարձան ամբողջ աշխարհի համար: Սիրիայի տարածքում նրանց զինումը, սիրիական սահմաններից անարգել թափանցելը, ֆինանսավորվելը, արհեստագիտական հսկայական ծավալներով զինուժով գերհագենալը եւ աշխարհաքաղաքացիական զինյալ խմբավորումների վերածվելը հիմնական սպառնալիք դարձածի տպավորություն չէին թողում այն կենտրոնների մոտ, որոնք այսօր ուրիշ բնութագրում են տալիս այդ գործիքին:
Այդ գործիքը Քոբանիում խախտեց խաղի կանոնները. թվում է, թե այն դուրս է եկել հեռակառավարվելու մեքենականության թելադրանքների դաշտից եւ շարժվում է ոչ անպայման համահունչ` հեռակառավարող վահանակների հրամաններին: Աշխարհաքաղաքական կենտրոնների ստեղծած այդ գործիքը հատել է այլ սահմաններ և կատարում է ոտնձգություն տարածքների նկատմամբ, որոնք տարածաշրջանային տարբեր ծրագրերում են տեղավորվում:
Սա է հիմնական պատճառը, որի հիման վրա Մոսուլի արագակշռույթ գրավման տարբերակը չի աշխատել Քոբանիում։
Այստեղ կա դիմադրություն, որը միայն քրդական ինքնուրույն դիմադրություն չէ: Հովանավորչությունը քրդական ուժերին բացահայտ է եւ ուղղակի: Դիմացը, իսլամ ծայրահեղական զինյալներին տրված օժանդակությունը հետզհետե միայն թուրքական է եւ ի տարբերություն քրդականին տրված օժանդակության, կիսաթաքուն է եւ անուղղակի:
Սրանով էլ բացատրվում է Անկարայի որդեգրած կրկնակի խաղը սահման տրամադրել-չտրամադրելու հայտարարություններով եւ հակասական քայլերով հատկանշվող: ԱՄՆ-ի՝ քրդերին օժանդակելու երեւույթը անհարմար նկատվեց Թուրքիայի նախագահի կողմից: Բայց հարմարը ո՞րն էր: Այն, որ թուրք բարձրաստիճան պաշտոնատարը հայտարարում էր, որ Քոբանիում ժողովուրդ չկա, այլ կան միայն զինվորներ եւ առ այդ օժանդակությունը հիմնավորված չէ. թե՞ պաշտոնապես հայտարարված, բայց ցարդ չգործադրված քուրդ զինական օժանդակության համար անցքի տրամադրումը:
Անկարան իր ապահովական մղձավանջներից մեկնած այսօր հայտնվել է աշխարհաքաղաքական օրակարգի իրականացման համար խոչընդոտող դիրքի վրա, բախման կետի կիզակետին:
Անկարայի այս դիրքը, թվում է, որ ավելի թանկ է արժենալու, քան Ինջիրլիկի իր ռազմակայանը տրամադրել չտրամադրելու խաղը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր