Հյուսիսային պողոտան երկու-երեք ամսից վերջնականապես կբացվի (լուսանկարներ)
Յոթ տարի առաջ շահագործման հանձնված Հյուսիսային պողոտայում մեծ թափով սկսված շինարարական, հիմնանորոգման աշխատանքները շուտով կավարտվեն:
Հիշեցնենք, որ Հյուսիսային պողոտան, որն իրար է կապում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը և Հանրապետության հրապարակը, ունի ավելի քան 1,5 կմ երկարություն: Պողոտայի շինարարությունը սկսվել էր 2001թ. և շահագործման էր հանձնվել 2007 թվականին: Ժամանակին արված անորակ բետոնե հատակը, որոշ ենթակառուցվածքներ, սակայն, այս տարիների ընթացքում քայքայվել էին, հիմնանորոգման աշխատանքների կարիք էր զգացվում պողոտայի ստորգետնյա և վերգետնյա հատվածներում:
Հատկապես վերջին տարիներին երևանցիներն ահազանգեր էին հնչեցնում նորակառույց պողոտայում գոյացած ճեղքերի և խորշերի մասին, և, որ այդտեղով քայլելը վտանգավոր էր դարձել` ուշադիր չլինելու դեպքում մարդիկ կարող էին հայտնվել այդ բացվածքների մեջ: Քաղաքացիները Երևանի քաղաքային իշխանություններին կոչ էին անում քայլեր ձեռնարկել Հյուսիսային պողոտայի վթարային վիճակը վերացնելու, քանդված անձրևատարները վերակառուցելու ուղղությամբ:
Ի վերջո, պողոտայի հիմնանորոգումը 2013թ. վերջին հանձն առավ «Տաշիր Գրուպ» ընկերությունը, ինչն իրականում մեծ նվեր է Երևան քաղաքին: Երևանի քաղաքապետարանի բյուջեից վերակառուցմանը ֆինանսական միջոցներ ընդհանրապես չեն ուղղվել: Վերակառուցմամբ զբաղվում է «Դալմա Շին» ՍՊ ընկերությունը, ներդրող ընկերությունն է «Տաշիր Գրուպը», որի սեփականատերն է ռուսաստանաբնակ հայազգի խոշոր գործարար Սամվել Կարապետյանը:
Վերակառուցման աշխատանքների համար այս պահի դրությամբ ներդրվել է մոտ 6 մլն դոլար: Հյուսիսային պողոտայի սալահատակի (ընդհանուր առմամբ սալիկապատվել է 12 000 քմ տարածք) ստորգետնյա և վերգետնյա հատվածների հիմնանորոգման, շենքերի գեղարվեստական լուսավորության, կանաչապատ և ծաղկապատ հատվածների ավելացման, ջրային լուծումների հարցն ամբողջովին լուծում է «Տաշիր Գրուպը»:
«168 Ժամի» հետ զրույցում «Տաշիր Գրուպ» ընկերությունների խմբի նախագահի օգնական Գոռ Բարոյանն ասաց, որ պողոտայի սալահատակն ամբողջովին փոփոխվել է արտերկրից ներկրված գրանիտե բարձրորակ սալաքարերով` նոր նյութերի և տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնց շնորհիվ պողոտան հնարավոր կլինի առանց հավելյալ վերանորոգումների շահագործել ավելի քան 50 տարի:
Ամբողջովին փոփոխվել, վերակառուցվել են պողոտայի ջրատարները, անձրևատարները, ենթակառուցվածքները, ողջ տարածքով երկշերտ ջրամեկուսացման աշխատանքներ են կատարվել, ամբողջովին փոխվել են աստիճանավանդակները, ծաղկամանները, ծառամանները, նստարանները: Պողոտայի` թվով 9 աստիճանավանդակները հիմնովին վերակառուցվել են բազալտե քարերով, շվաքարանները վերակառուցվել են բոլորովին նոր` եռաշերտ ապակիներով: Ի դեպ, նոր նստարանները պատրաստված են հատուկ` Գանայից ներկրված թանկարժեք և երկարակյաց փայտանյութից (ծիկա տեսակի): Պողոտայի վերակառուցման աշխատանքներում տեղական հումքից օգտագործվել են միայն հայկական տրավերտինը և բազալտը:
Հիմնանորոգման ընթացքում ավելի քան 4 անգամ կավելանան Հյուսիսային պողոտայի կանաչ հատվածները` մեծ բետոնե «ծաղկամանների» մեջ դրված թփերի տեսքով: Մեկ ամսվա ընթացքում կներկրվեն հատուկ լուսատուները, որոնք երկկողմանի կտեղադրվեն ծառամանների և ծաղկամանների վրա: Պողոտայում նաև կառուցապատող ընկերության կողմից ցայտաղբյուր է կառուցվել, որի աշխատանքները դեռևս վերջնականապես ավարտված չեն:
«Տաշիր Գրուպ» ընկերության ներկայացուցիչը երևանցիներից ներողություն է խնդրում հիմնանորոգման աշխատանքների ընթացքում անհանգստություն պատճառելու համար: Սակայն աշխատանքների երկարաձգման պատճառներն օբյեկտիվորեն պայմանավորված էին եղանակային փոփոխություններով` անձրևներով և առաջին հերթին` այն հանգամանքով, որ շինարարության մեջ գործածվող նյութերը` գրանիտը, ռետինե հատուկ միջուկով բետոնային դիմակայուն տեխնոլոգիաները, օդորակիչները և այլն, հիմնականում ներկրվում էին արտերկրից, ինչը ևս ժամանակ էր պահանջում:
Ինչպես արդեն հայտնի է` պողոտայի «-1» հարկաբաժնում առևտրի կենտրոն կկառուցվի, որը վերգետնյա հատվածին կմիանա երկու շարժասանդուղքների միջոցով: Հիմնանորոգում իրականացնող ընկերության մասնագետների հավաստմամբ` առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում, եթե անհաղթահարելի ֆորսմաժոր իրավիճակներ չառաջանան, ապա պողոտան ամբողջությամբ` առևտրի կենտրոնով հանդերձ, շահագործման կհանձնվի: Ընկերությունից հույս են հայտնում, որ եղանակային պայմանները թույլ կտան արագ տեմպերով ավարտին հասցնել նախաձեռնված հսկայածավալ աշխատանքը: