Մենք ընտրում ենք չարյաց փոքրագույնը, մենք չունենք այլ ելք. Աթամբաևը՝ Մաքսային միությանը միանալու մասին
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մաքսային միությանը Ղրղզստանի անդամակցելու դեպքում հանրապետությունում հնարավոր են ինֆլյացիայի ու գների աճ, սակայն հակառակ դեպքում երկիրը կբախվի սոցիալ-տնտեսական էլ ավելի մեծ խնդիրների:
Այս մասին Բիշքեկում Կայուն զարգացման գծով ազգային խորհրդի նիստում հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը. «Եթե մենք հրաժարվենք այդ կազմակերպությանը (Մաքսային միություն) միանալուց, ապա մեզ կսպասվի ռիսկերի ուժեղացված տարբերակ:
Չեմ ցանկանում վիրավորել այդ կազմակերպության մասնակից երկրներին, սակայն մենք ընտրում ենք չարյաց փոքրագույնը, մենք չունենք այլ ելք: Հանրապետությունը պետք է Մաքսային միությանը միանա հենց հիմա, միավորման մյուս մասնակիցների հետ միասին հավասար պայմաններ ու իրավունքներ ունենալու, ինչպես նաև որոշակի արտոնություններ, վարկեր ու դրամաշնորհներ ստանալու համար:
Մեզ համար կարևորը երկրում կայունության պահպանումն է»: Ղրղզստանը Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշումն ընդունել է 2011 թվականի գարնանը: «Ճանապարհային քարտեզի» համաձայն՝ Ղրղզստանը պետք է Մաքսային միության լիիրավ անդամ դառնա ու ԵՏՄ-ին անդամակցի մինչև հաջորդ տարվա հունվարի 1-ը: