Պոպուլիզմի մրցության մեջ ՀՀԿ-ն կարող է հաղթել եռյակին
Երեկ խորհրդարանական եռյակի ներկայացուցիչները հավաքելով 44 ստորագրություն և օգտվելով ԱԺ կանոնակարգ-օրենքի 52-րդ հոդվածի 6-րդ կետի ընձեռած հնարավորությունից` ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ էին ընդգրկել միանգամից երկու օրենսդրական նախաձեռնություն` ՀՀ ԱԺ որոշումը «ՀՀ Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին» և «ԱԺ հայտարարությունը ՀՀ-ում առաջացած կառավարման ճգնաժամի մասին»:
Ըստ ԱԺ Կանոնակարգ-օրենքի 52-րդ հոդվածի 6-րդ կետի` «Պատգամավորների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ ներկայացված ԱԺ որոշման նախագիծն առանց քվեարկության ընդգրկվում է հերթական նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում և քննարկվում է արտահերթ»: Խորհրդարանի ղեկավարությունը կատարել էր այս հոդվածի առաջին հատվածի պահանջը՝ որոշման և հայտարարության նախագծերն ընդգրկելով ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ: Ինչ վերաբերում է հոդվածի երկրորդ մասի պահանջին, ըստ որի` որոշման նախագիծը պետք է քննարկվի արտահերթ, ապա այս հարցում եռյակի և խորհրդարանի ղեկավարության տեսակետների համընկնում տեղի չունեցավ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ նշելով, թե համաձայն է, որ որոշման նախագիծը քննարկվի արտահերթ, հայտարարեց, թե կա ավելի արտահերթ օրենքի նախագիծ:
Մասնավորապես՝ կառավարությունն ԱԺ է ուղարկել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը և առաջարկել այն քննարկել արտահերթության կարգով: Բացի այդ, կառավարությունն առաջարկում է, որ օրենքի առաջին ընթերցումից հետո տեղի ունենա նաև երկրորդ ընթերցման քննարկումը և քվեարկությունը 24-ժամյա ընթացակարգով: Եթե նկատի ունենանք, որ ԱԺ-ն երեկ ամբողջ օրը քննարկում էր ՄԻՊ զեկույցը, ապա կարելի է ասել, որ խորհրդարանի ղեկավարությունը կարող է ԱԺ առաջիկա քառօրյայի աշխատանքներն այնպես կազմակերպել, որ մնացած երեք օրերի ընթացքում քննարկվի կառավարության վերոնշյալ օրենսդրական նախաձեռնությունը:
Իսկ կա՞ մեկը, ով կարող է համեմատության մեջ դնել եռյակի և կառավարության նախաձեռնությունները և ասել, թե դրանցից որ մեկն է ավելի հրատապ. սահմանամերձ շրջանների նկատմամբ կառավարական հոգատարության դրսևորո՞ւմը հարկային արտոնություններ շնորհելու տեսքով, թե՞ եռյակի որոշման և հայտարարության նախագծերը կառավարման ճգնաժամի և ընտրական բարեփոխումների անհրաժեշտության մասով:
Փորձենք հասկանալ, թե ինչ են իրենցից ներկայացնում եռյակի կողմից ներկայացված որոշման և հայտարարության նախագծերը:
Որոշման նախագծում մասնավորապես ասվում է. «ԱԺ-ն որոշում է ԱԺ հինգերորդ նստաշրջանի վեցերորդ գումարման ժամանակ բարեփոխել ՀՀ Ընտրական օրենսգիրքը»: Բարեփոխում ասելով՝ եռյակը հասկանում է 100 տոկոս համամասնական ընտրակարգի և ընտրական հանձնաժողովների ձևավորման նոր կարգի սահմանում, քվեարկության արդյունքների հաշվառման համակարգի կատարելագործում: Որոշման նախագծում ասվում է, որ ԱԺ նախագահը պետք է ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներից ձևավորի աշխատանքային խումբ՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումները նախապատրաստելու և ԱԺ ներկայացնելու համար: Ըստ էության, որոշման նախագծում որևէ նոր բան չկա: Սրա մասին ընդդիմությունը խոսում է վերջին 4-5 տարիների ընթացքում և դրանից էլ շատ տարիներ առաջ, երբ այս ուժերը դեռ ընդդիմություն չէին, և ընդդիմություն էին բոլորովին այլ կուսակցություններ, որոնք պահանջում էին 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ և ընտրական գործընթացի արդարություն:
Ինչ վերաբերում է հայտարարությանը, ապա այն նույնպես առանձնապես աչքի չի ընկնում իր նորարարությամբ և արտահայտված մտքերի օրիգինալությամբ: Դրանում մասնավորաբար ասվում է, որ կոռուպցիան և մենաշնորհները շարունակում են մնալ ՀՀ տնտեսության և կառավարման համակարգի ամենամեծ չարիքը: Կոռուպցիոն բուրգի պատճառած վնասը կազմում է տարեկան ավելի քան 2,5 մլրդ դոլարին համարժեք գումար: Երկրում չի հաղթահարվում աղքատությունն ու գործազրկությունը, և պաշտոնական տվյալներով` վերջին հինգ տարիներին այն տատանվում է 32-35 տոկոսի սահմաններում, միևնույն ժամանակ` չցուցաբերելով նվազման որևէ միտում: Ինչպես որոշման նախագծի, այնպես էլ հայտարարության մեջ խոսվում է ընտրական համակարգի անկատարության մասին:
«Ամբողջությամբ վերացել է քաղաքացիների, քաղաքական ուժերի և ողջ հասարակության վստահությունն ընտրական համակարգի նկատմամբ, ինչի հետևանքով կասկածի տակ են դրված բոլոր մակարդակի ընտրությունների պաշտոնապես հրապարակված արդյունքները, և հետևաբար` ստեղծվել է իշխանության լեգիտիմության ճգնաժամ»,- ասվում է եռյակի որոշման նախագծում: Դրանում խոսվում է նաև ահագնացող արտագաղթի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջազգային մեկուսացման, քառյակի կողմից կառավարությանը ներկայացված 12 կետերի չկատարման մասին, ինչը, ըստ հայտարարության հեղինակների, ցույց է տալիս, որ իշխանությունը պատրաստ չէ կատարել ժողովրդի նվազագույն պահանջները: «Այսպիսով երկրում առաջացել է կառավարման համակողմանի ճգնաժամ, և ՀՀ ԱԺ-ն անհրաժեշտ է համարում այն հաղթահարելուն ուղղած հրատապ քայլերի իրականացումը»,- եզրակացնում են հայտարարության հեղինակները՝ ոչինչ չասելով այն մասին, թե ինչպես է հնարավոր հաղթահարել կառավարման ճգնաժամը:
Ինչպես նշեցինք` եռյակի ներկայացուցիչները պահանջում են, որ որոշման և հայտարարության նախագծերը քննարկվեն արտահերթ: ՀՀԿ-ական մեծամասնությունը, սակայն, չի պատրաստվում այս քառօրյայում քննարկել այս նախագծերից և ոչ մեկը:
ՀՀԿ-ականներն ասում են՝ իրենք հասկանում են, որ եռյակն այս նախագծերի միջոցով ցանկանում է խորհրդարանի ամբիոնն օգտագործել հոկտեմբերի 24-ի հանրահավաքից առաջ համապատասխան քարոզչություն իրականացնելու համար, ինչն իրենք թույլ չեն տա: Իսկ ինչ են պատրաստվում անել եռյակի ներկայացուցիչները, եթե խորhրդարանի ղեկավարը քննարկման չդնի իրենց նախագծերը:
Մեր այս հարցին ի պատասխան` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ասում է, որ իրենք քննարկում են պատասխանի տարբեր հնարավորություններ, բայց դեռ որոշում չունեն:
Ո՞րը կարող է լինել եռյակի պատասխանը ՀՀԿ-ական մեծամասնությանը: Միակ հնարավոր տարբերակը, որին այս պահին ընդունակ է եռյակը՝ ԱԺ նիստերի բոյկոտն է: Խոսքը չի վերաբերում նիստերին ընդհանրապես, այլ միայն այս քառօրյային, այն էլ` այն հատվածին, երբ Գալուստ Սահակյանը եռյակի նախաձեռնությունների փոխարեն` քննարկման կդնի Կառավարության նախագիծը:
Բայց նույնիսկ նման քայլի եռյակը դժվար թե գնա. նախ` այն ցույց կտա եռյակի խմբակցությունների պառակտվածությունը. ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունների ոչ բոլոր անդամները կմիանան բոյկոտին, իսկ ԲՀԿ խմբակցության անդամների մի մասն ԱԺ նիստերը բոյկոտում են` առանց դրա մասին հրապարակային հայտարարություն անելու, այդ թվում` և խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, և, բացի այդ, ՀՀԿ-ականները հնարավորություն կունենան զբաղվել պոպուլիզմով` մեղադրելով եռյակին սեփական քաղաքական շահերից դուրս որևէ այլ ռացիոնալ գաղափար մերժելու մեջ, եթե անգամ դա վերաբերում է սահմանամերձ գյուղերի բնակիչների համար արտոնություններ սահմանելուն:
Միակ ազդեցիկ քայլը կարող էր լինել եռյակի պատգամավորների կողմից մանդատները վայր դնելու մասին որոշումը, որը կարող էր իսկապես խորհրդարանական և սահմանադրական ճգնաժամ առաջացնել, բայց այդպիսի լուծում դժվար է սպասել` նկատի ունենալով, որ դա ավելի խորը պառակտում կառաջացնի խմբակցություններում: