Ուր է գնում Հայաստանը
Հոկտեմբերի 10-ին նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց Հայաստանի` Եվրասիական միությանը միանալու մասին պայմանագիրը։ Այն ուժի մեջ է մտնելու հաջորդ տարվա սկզբից։ Եվ եթե մինչ այդ որևէ արտառոց բան տեղի չունենա, ապա ՀՀ անդամակցությունն այս միությանը, ինչպես ասում են, կդառնա անշրջելի իրողություն։
Թե ուր ենք շարժվում և ինչ տնտեսական հարթության մաս ենք կազմելու, գաղտնիք չէ։ Հատկապես Ռուսաստանի մասով ՀՀ բնակչությունը բավականին տեղեկացված է։ Ամեն դեպքում, կարծում ենք` հետաքրքիր կլինի որոշ ցուցանիշների առումով համեմատականների անցկացնել Հայաստանի և ԵՏՄ մյուս անդամների` Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի միջև։
Մինչև առաջ անցնելը, որպեսզի մասշտաբների առումով պատկերացնենք, թե ինչ տարածք ենք մտնում և այդ տարածքում ինչ կշիռ ենք ունենալու` համեմատենք տնտեսության` ՀՆԱ-ի մեծությունը։ Ըստ Համաշխարհային բանկի տվյալների` Հայաստանի ՀՆԱ-ն 2013թ. եղել է 10.4 միլիարդ դոլար։ Բելառուսի ՀՆԱ-ն նույն տարում եղել է 71.7 միլիարդ դոլար, Ղազախստանինը` 224.4 միլիարդ, Ռուսաստանինը` 2 տրիլիոն 96.7 միլիարդ։ Այսինքն` առանց Հայաստանի` Մաքսային միության ՀՆԱ-ն նախորդ տարի կազմել է 2 տրիլիոն 392.8 միլիարդ դոլար։ Սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը` իր կշռով, կազմելու է ԵՏՄ քառյակի ընդհանուր ՀՆԱ-ի 0.43%-ը։ Կարճ ասած` մենք մի կաթիլ ենք, որը միանում է օվկիանոսին։ Հիմա դիտարկենք առանձին ցուցանիշներ` համեմատության մեջ։
Սկսենք սոցիալական բնույթի ցուցանիշներից։
Ինչպես տեսնում եք, Հայաստանը գործազրկության ցուցանիշով 2-3 անգամ գերազանցում է ԵՏՄ անդամների ցուցանիշները: Համաշխարհային բանկի տվյալներով` 2012թ. Հայաստանում գործազրկության մակարդակը եղել է 18.5%։ Ռուսաստանում գործազրկության մակարդակը նույն տարում կազմել է 5.5%, Ղազախստանում` 5.3%, Բելառուսում` 9.7%։
Դիտարկենք աղքատության ցուցանիշը։ Այս առումով ևս բավականին զիջում ենք մեր նոր գործընկերներին։ Նույն ՀԲ-ի տվյալներով` 2012թ. աղքատության մակարդակը Հայաստանում կազմել է 32.4%, Ռուսաստանում գործազուրկները կազմել են աշխատունակ բնակչության 10.7%-ը, Բելառուսում` 6.3%-ը, Ղազախստանում` 3.8%-ը։ Այսինքն, պաշտոնական վաճակագրության համաձայն, Հայաստանում աղքատ է յուրաքանչյուր երրորդ բնակիչը, Ղազախստանում` 25-ից մեկը։
Անցնենք առաջ` մեկ շնչին ընկնող համախառն ազգային եկամուտը։ Այն հաշվարկված է ըստ գնողունակության պարիտետի (այսինքն` հաշվի են առնված տարբեր երկրներում գների տարբերությունները)։ Հայաստանը կրկին անգամներով զիջում է։ ՀԲ-ի տվյալներով` 2013 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 8140 դոլար, Ռուսաստանում` 23200 դոլար, Ղազախստանում` 20750դոլար, Բելառուսում` 16940դոլար։
Եկամուտների բևեռացվածության առումով 4 երկրներն ունեն համադրելի` իրար մոտ ցուցանիշներ։ Օրինակ, Հայաստանում ամենաունևոր 20% խավին բաժին է ընկնում ընդհանուր եկամուտների 40.5%-ը, Ռուսաստանումգ 47.1%-ը, Ղազախստանում` 38.4%-ը, Բելառուսում` 36.9%-ը։
Գնաճի առումով պատկերը շատ է տարբերվում ըստ երկրների։ Հայաստանում, Ղազախստանում և Բելառուսում գնաճը 2013-ին բարձր չի եղել, համապատասխանաբար` 5.8, 6.8 և 5.8 տոկոս։ Բելառուսում այն կազմել է 18.3%։ Ընդ որում, 2011 և 2012 թվականներին Բելառուսում արձանագրվել է սարսափելի` ավելի քան 50%-անոց գնաճ։ Այստեղ ավելացնենք նաև, որ արևմտյան պատժամիջոցների արդյունքում ընթացիկ գնաճը Ռուսաստանում արդեն գերազանցում է 10%-ը։
Օտարերկրյա ուղղակի ներդրումների առումով պատկերն անհամեմատելի է։ 2013թ. Հայաստանում ՕՈՒՆ զուտ ներհոսքը կազմել է 369.9 միլիոն դոլար (ըստ ՀԲ տվյալների), Բելառուսում` 2.2 միլիարդ դոլար, Ղազախստանում` 9.7 միլիարդ, Ռուսաստանում` 70.6 միլիարդ։
Ինչ վերաբերում է ՀՆԱ-ի աճին` ապա այս առումով Հայաստանը որոշակի առավելություն ունի։ 2013 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 3.5%։ Ռուսաստանում` 1.3%, Բելառուսում` 0.9%։ Միայն Ղազախստանն է նախորդ տարի տնտեսական աճի 6% ցուցանիշով մեզանից առաջ անցել։
Սակայն հաշվի առնելով նույն պատժամիջոցները` այս և հաջորդ տարի ԵՏՄ մեր գործընկերներին տխուր ժամանակներ են սպասվում։ Մասնավորապես, Ռուսաստանի համար տնտեսագետներն այս տարի և 2015թ. կանխատեսում են զրոյական աճ։
Ամփոփելով այս ցուցանիշները` միգուցե տպավորություն ստեղծվի, որ ԵՏՄ մտնելու առավելություններն ավելի շատ են, քան հնարավոր վնասները։ Մտնում ենք ավելի հարուստ տնտեսական տարածք` մեծ շուկայով, բարձր եկամուտներով, և այլն։
Սակայն կան նաև այլ ցուցանիշներ (ավելի ճիշտ` ցուցիչներ), որոնք արդեն թույլ չեն տալիս միանշանակ լավատես լինել։
Օրինակ` Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող Doing Business զեկույցի համաձայն` Հայաստանում գործարարությամբ զբաղվելը շատ ավելի հեշտ է, քան Ռուսաստանում, Ղազախստանում կամ Բելառուսում։ Doing Business 2014-ում Հայաստանը զբաղեցնում է 37-րդ տեղը, Ղազախստանը` 50-րդ, Բելառուսը` 63-րդ, Ռուսաստանը` 92-րդ։
Կամ` կոռուպցիայի ցուցանիշը։ Transparency International-ի կողմից հրապարակվող Կոռուպցիայի ընկալման համարաթվում Հայաստանը համարվում է կոռումպացված, բայց ոչ այնքան, որքան ԵՏՄ մեր գործընկերները։ Հայաստանը 94-րդ տեղում է, Ռուսաստանը` 127, Ղազախստանը` 140, Բելառուսը` 123։
Նույն պատկերն է տնտեսական ազատությունների առումով։ Heritage Foundation-ի կողմից հրապարակվող տնտեսական ազատության ինդեքսում (2014թ.) Հայաստանը 41-րդ տեղում է, Ղազախստանը` 67-րդ տեղում, Ռուսաստանը` 140-րդ տեղում, Բելառուսը` 150-րդ տեղում։ Հիշեցնենք, որ այս և նախորդ զեկույցներին միշտ մեծ կարևորություն է տրվել ներկա և նախկին պաշտոնյաների կողմից։ Օրինակ` էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը միշտ անթաքույց հիացմունքով էր խոսում տնտեսական ազատության ինդեքսի մասին։
Եվ կա վերջապես մի կարևոր զեկույց, որն առաջին հայացքից կապ չունի տնտեսության հետ։ Խոսքը Freedom House-ի կողմից հրապարակվող ազատությունների ինդեքսի մասին է։ 4 երկրներից միայն Հայաստանն է, որը գնահատվել է մասնակի ազատ (partly free)` 4.5 միավորով։ Մնացած երկրները համարվել են անազատ։
Իսկ թե ժողովրդավարության մակարդակը, ազատությունները, կոռուպցիան և օրենքի գերիշխանությունը որքանով են կարևոր յուրաքանչյուր տնտեսության համար` թողնում ենք ընթերցողի դատին։