Կառավարությունը օրենսդրական նախաձեռնություններ է քննարկել
ՀՀ Կառավարությունը այսօր քննարկել է ՀՀ քրեական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նրա առաջարկած փոփոխությունները պայմանավորված են ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներից երկուսի պահանջների կատարման անհրաժեշտությամբ: Կառավարությունն իր հերթին է հանդես եկել առաջարկություններով, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի պատգամավորի օրինագիծը:
Նիստում քննարկվել է ԱԺ պատգամավորներ Լյովա Խաչատրյանի և Աբրահամ Մանուկյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակների կարծիքով միտված է ուսումնական հաստատությունների մանկավարժներին զերծ պահել քաղաքական գործընթացներից: Գործադիրն իր եզրակացությամբ մերժել է օրենքի լրացման անհրաժեշտությունը:
Նիստում քննարկվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են հստակեցնել և միջազգային կոնվենցիաներին համապատասխանեցնել գործող օրենքի 26-րդ հոդվածը, ինչին բացասական եզրակացություն է տվել կառավարությունը:
Նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: