Բաժիններ՝

Վտանգավո՞ր է Wi-Fi-ը առողջության համար. մասնագիտական կարծիքներ

Այսօր դժվար է պատկերացնել կյանքը առանց անլար տեխնոլոգիաների։ Գործնականում բոլոր սրճարաններում, տներում, այգիներում հնարավորություն կա ինտերնետ մուտք գործել Wi-Fi-ի միջոցով։ Հարցն այն է, թե առողջության համար որքանո՞վ է վտանգավոր օդի մեջ մշտապես տվյալներ փոխանցող սարքերի միջավայրում գտնվելը։ Այս հարցի պատասխանը ստանալու համար Hi-Tech.Mail.ru-ն զրուցել է մի շարք մասնագետների հետ։

Դավիդ Բակշտեյն, վիրաբույժ-ուռուցքաբան. «Ես չէի պնդի, որ մեզ շրջապատող տեխնիկան որևէ կերպ նպաստում է ուռուցքների առաջացմանը»։ Որպես իր խոսքերի ապացույց՝ բժիշկը նշում է, որ անցկացված տասնյակ հետազոտությունները կապ չեն հայտնաբերել նույն բջջային հեռախոսների և քաղցկեղի առաջացման միջև։ Սակայն չնայած դրան՝ Բակշտեյնը չի շտապում վերջնական եզրակացություններ անել։ «Մյուս կողմից, գլոբալ առումով մենք այդ սարքավորումներով օգտվում ենք ոչ շատ վաղուց։ Օրգանիզմի վրա դրանց ազդեցությունը ուսումնասիրելու համար շատ ավելի երկար ժամանակ է պետք»,- ասում է նա։

Տատյանա Վասիլևա, ռադիացիոն հիգիենայի մասնագետ. «Չի կարելի միանշանակ պնդել, որ հեռախոսները անդառնալի վնաս են պատճառում առողջությանը։ Թեպետ մի քանի տարի առաջ հայտնվեցին բավականին լուրջ ուսումնասիրություններ, որոնք ապացուցում էին, որ էլեկտրամագնիսական ալիքները փոփոխություններ են առաջացնում բջիջների մակարդակում»։ Սակայն հղում անելով Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության տվյալներին՝ Վասիլևան նշում է, որ բազային կայանների և հեռախոսների ազդեցության վերաբերյալ հաստատված եզրակացություն չկա։ Ինչ վերաբերում է իմունիտետի թուլացմանը, Վասիլևայի խոսքերով, անուղղակի ազդեցություն կա։ «Սակայն խնդիրը ոչ այնքան ճառագայթման մեջ է, այլ նրա, որ մարդը պարզապես ավելի քիչ է շարժվում և ավելի քիչ ժամանակ է անցկացնում մաքուր օդում՝ ամբողջությամբ կլանվելով այդ սարքավորումներով»։ Ինչ վերաբերում է կոնկրետ Wi-Fi-ին, ապա Տ. Վասիլևան նույնպես դժվարանում է հստակ գնահատական տալ՝ նշելով, որ այդ տեխնոլոգիաները դեռ երկար պատմություն չունեն։

Բժիշկ-թերապևտ Նադեժդա Կոլոսկովան ուշադրությունը կենտրոնացնում է ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությանը երեխաների օրգանիզմի վրա։ «Ես ամենից առաջ կսկսեի երեխաներին առողջ սովորություններ ներարկելուց։ Իմ կարծիքով, խնդիրը ոչ թե այն է, որ ցանցերը վտանգավոր են, այլ շատ ավելի կարևոր է, թե որքան ժամանակ ես անցկացնում դրանց մոտ»։ Բժշկուհին չի բացառում Wi-Fi-ի բացասական ազդեցությունը օրգանիզմի վրա։ «Էլեկտրամագնիսական դաշտերն ամեն դեպքում ազդում են կենտրոնական նյարդային համակարգի վրա։  Ճիշտ է, ուղղակի ռիսկը ապացուցված չէ, սակայն այն չի կարելի ամբողջությամբ բացառել։ Մեզանում Wi-Fi-ն օգտագործվում է ամենուր՝ դպրոցներում, առևտրի և զվարճանքների վայրերում։  Դեռևս մի քանի տասնյակ տարի է պետք՝ հասկանալու համար, թե այդ ամենը ինչի կարող է հանգեցնել»։

Ամբողջական հրապարակումը՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս