Արմեն Աշոտյան. Ես մինչև 2019 թ. հաստատապես նախարար չեմ մնալու, իսկ Դուք պատգամավոր մնալու եք
«Արդյոք վարկային պայմանագրի այդ հոդվածը հնարավո՞ր է փոփոխել, որ մշտադիտարկելու փոխարեն ծայրահեղ վիճակում գտնվող դպրոցները հնարավոր լինի բարենորոգել, որ առաստաղից ջուր չթափվի ուսումնական պրոցեսի մասնակիցների գլխին: Հնարավո՞ր է, թե՞ ոչ»,- այսօր ԱԺ նիստում այս հարցադրումը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին ուղղեց ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ ՎԶԵԲ-ի և Միջազգային զարգացման ընկերակցության հետ «Կրթության բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրերի քննարկման ժամանակ:
Նախարարը պարզաբանեց, որ մշտադիտարկման գծով նախատեսվող ծախսը ԾԻԳ-ի պահպանման և գործունեության համար է, նաև որոշ փորձագետների ներառման համար. «Պահպանման և գործառնության ծախսը 569 հազար դրամ է, որը վարկային միջոցների 2%-ն է, 5 տարվա համար»:
Տ.Ուրիխանյանը պնդեց իր հարցը` ասելով, թե հնարավո՞ր է ավելի արդյունավետ օգտագործել այդ գումարը, որ «մեր սերունդները վարկը փակելիս՝ իմանան, որ ավելի արդյունավետ է ծախսվել գումարը»:
«Իհարկե, հնարավոր է՝ այն դեպքում, երբ հուշեք ծրագիր՝ ինչպես իրականացնել, առանց ծրագիր իրականացնողների: Օրինակ՝ փակել ԾԻԳ-ը, մրցույթներ չհայտարարել…»,- հակադարձեց Ա.Աշոտյանը:
ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը հետաքրքրվեց, թե ինչի՞ է կառավարությունը կրկին շուրջ 5 մլն դոլար վարկային միջոցներ հատկացնում խորհրդատվության համար:
Ա.Աշոտյանը հայտարարեց, որ արտաքին գործընկերներն են պահանջում դա և ով գործ է ունեցել արտաքին ֆինանսավորողների հետ, տեղյակ է այդ պահանջին: Նա հորդորեց ու պահանջեց հետևել Բաբայանին, որ ծրագիրը կյանքի կոչվի. «Ես մինչև 2019 թ. հաստատապես նախարար չեմ մնալու, իսկ Դուք պատգամավոր մնալու եք, եթե համամասնական ցուցակում որևէ փոփոխություն չլինի»:
Աշոտյանի այս խոսքերն ազդեցին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի վրա, ով շտապեց հայտարարել, թե Աշոտյանը դեռ երկար ժամանակ մնալու է ՀՀ քաղաքական կյանքում:
«Քաղաքական կյանքի մասին չէի ասում, նախարարի պաշտոնի մասին էր»,- կուսակցական ընկերոջը հանգստացրեց Աշոտյանը: