«Իսլամական պետություն» խմբավորումը պլանավորել է ստեղծել կենսաբանական զենք
Foreign Policy պարբերականի փոխանցմամբ` սիրիական ընդդիմության հրամանատար Աբու Ալին հայտարարել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները պլանավորել են ստեղծել կենսաբանական զենք` այտուցային ժանտախտի հիման վրա:
Ապստամբները նման եզրակացության են եկել այն բանից հետո, ինչ նրանց ձեռքն է ընկել այդ խմբավորման զինյալներից մեկի նոթբուքը: Դրանում գտնվել է անգլերենով, ֆրանսերենով ու արաբերենով ավելի քան 35.000 ֆայլ: Այդ փաստաթղթերի մի մասը նվիրված է եղել այտուցային ժանտախտի հիման վրա կենսաբանական զենքի ստեղծմանը:
Նոթբուքում հայտնաբերված տեքստային ֆայլերից մեկում նշված է. «Կենսաբանական զենքի առավելությունն այն է, որ այն այդքան էլ թանկարժեք չէ և միաժամանակ մարդկային զոհերի թիվը կարող է լինել վիթխարի: Եթե մուսուլմանները չեն կարողանում անհավատների հաղթել այլ ճանապարհով, ապա նրանց թույլատրվում է օգտագործել զանգվածային ոչնչացման զենք (ԶՈԶ)»: