Պարույր Հայրիկյան. «Անկախության հռչակագրից ամենամեծ նահանջը թույլ տվեց Սերժ Սարգսյանը»
«Ես՝ լինելով անկախության պայքարի, չեմ թաքցնի ասել՝ առաջնորդը, միջազգայինորեն ճանաչված առաջնորդը, այն միակ մարդը, ում 300 միլիոն սովետական քաղաքացիների մեջ այլևս չկարողացան այդ պերեստրոյկայի տարիներին թույլ տալ գործել և ստիպված եղան արտաքսել, ասում եմ, որ՝ այո՛, Հայաստանի անկախությանը և գոյությանը լուրջ վտանգ է սպառնում: Այդ վտանգը արտահայտվում է ռուսական իմպերիալիզմի վերջին նկրտումների մեջ: Անկախության հռչակագրից մենք նահանջել ենք, և ամենամեծ նահանջ թույլ տվեց Սերժ Սարգսյանը անցյալ տարի սեպտեմբերի 3-ին: Կարծում եմ, որ մենք դեռևս վերջնականապես հրաժարվելու մակարդակին չենք հասել և կարծում եմ՝ ճանապարհին կշտկենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով Անկախության հռչակագրի տարեդարձի մասին ասաց «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
ԱԻՄ առաջնորդը նշեց, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունների գործունեությունը ցույց է տալիս, որ իշխանություններն ավելի ու ավելի են հեռանում անկախության հռչակագրից՝ օգոստոսի 23-ին ընդունած սկզբունքներից: Օգոստոսի 23-ը որպես Անկախության հռչակագրի օր նշելու վերաբերյալ էլ ասաց, թե՝ տեսնենք՝ վաղը քաղաքական գործիչներից, պետական այրերից ովքեր և ինչ մակարդակով կանդրադառնան:
«Արժեքային համակարգի տեսանկյունից Հայաստանի պաշտոնյաները այսօր տեղատվություն են ապրում օգոստոսի 23-ի սկզբունքների համեմատությամբ: Բնական է, որ տեղատվություն ապրողները պիտի օգոստոսի 23-ի նկատմամբ անտարբեր լինեին»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Անդրադառնալով անկախության արժեքներին, Պ. Հայրիկյանն ասաց, որ հայերի քաղաքագիտական և պատմագիտական միտքն ըստ արժանվույն չի գնահատում օգոստոսի 23-ի նախապատմությունը.
«Պատմության դասագրքերում լավագույն դեպքում «Ազգային միացյալ կուսակցության» հետևողական գործունեությունը, Սովետական միության մեջ անընդմեջ գործող միակ այլընտրանքային ընդդիմադիր կազմակերպության գործունեությունը ներկայացվում է որպես այլախոհական շարժման մաս: Մինչդեռ դա շատ ուղղակիորեն ընդգծված ազգային ազատագրական պայքարի դրսևորում էր: Եվ, դրանից ելնելով՝ այսօր մեր պատմաբանները ճշտում կատարելու խնդիր ունեն:
Ինչ վերաբերում է օգոստոսի 23-ին ընդունված հռչակագրի նշանակությանը՝ ամենակարևոր բանը, որ մենք պետք է ընդգծենք՝ այդ հռչակագիրը մեր կայնքի մասն է կազմում որպես մեր Սահմանադրության մաս: Եթե մեր Սահմանադրության օրը նշվում է որպես հուլիսի 5, պետք է նկատի ունենանք, որ իրավագիտական փաստաթղթային հիմքերը դրվել են օգոստոսի 23-ին: Որոշակի տարօրինակություններ կան մեր տոների և հիշատակի օրերի օրենքում. Անկախության օր է նշվում սեպտեմբերի 21-ը և օգոստոսի 23-ը անորոշության է մատնված: Ամեն դեպքում հայ ժողովրդի պատմությամբ, հայ քաղաքագիտական զարգացումների ընթացքով հետաքրքրվող մարդիկ օգոստոսի 23-ի դերը գիտեն»:
Պարույր Հայրիկյանը հիշեց, թե ինչպես են իրենք պայքարել Սահմանադրության ընդունման համար.
«Սովետական միության օրոք բոլորը կոմունիստ էին, բոլորը կոմունիստական համակարգի մաս էին կազմում: Չնայած այդ կոմունիստականությամբ փորձում էին բարդույթավորել հայ մարդուն, բայց ասպարեզ էր եկել նոր քաղաքական ուժ՝ «Ազգային ինքնորոշում» միավորումը, որը «Ազգային միացյալ կուսակցության» հիման վրա էր ասպարեզ եկել, բայց նա խնդիր չէր դնում: Եթե մեկն ասում էր՝ ես կոմունիստ եմ, ասում էին՝ ոչինչ, կարող ես նաև կոմունիստ լինել, բայց Սահմանադրությամբ ասված է, որ հանրապետությունները կարող են անկախանալ: Մենք չէինք գնում հակադրվելու ճանապարհով: Ընտրությամբ Գերագույն խորհրդի պատգամավոր դարձած մարդկանց մեծ մասը արդեն ապրում էր ինքնորոշման շարժման ոգով: Սխալմամբ դա կոչվում է Արցախյան շարժում, բայց Արցախյան շարժումը ավարտվեց այն պահին, երբ «Լենին-պարտիա-Գորբաչով» կարգախոսները փոխարինվեցին Արցախի ճանաչում, Արցախի միացում, Արցախի ինքնորոշում կարգախոսներով, որովհետև կոմունիստները փորձում էին Արցախյան շարժումը օգտագործել, այսօր էլ ռուսական իմպերիալիզմը փորձում է օգտագործել»: