Ուկրաինայի ԱԳՆ-ը միջազգային հանրությանը խնդրում է դատապարտել ռուսական հումանիտար ավտոշարասյան ներխուժումը
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԱԳՆ-ն այսօր հայտարարություն է տարածել, որում ընդգծել է, որ ռուսական ավտոշարասյան կողմից Ուկրաինայի պետական սահմանի հատումը վկայում է Ռուսաստանի գործողությունների կանխամտածված, ագրեսիվ բնույթի մասին և Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի առանցքային սկզբունքների հերթական աղմկահարույց խախտման մասին.
«Այն փաստը, որ ռուսական ավտոմեքենաները մուտք են գործել Ուկրաինայի տարածք առանց համապատասխան սահմանային ու մաքսային ձևակերպման, և որ բեռը սահմանված կարգով չի ներկայացվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, վկայում է ռուսական կողմի գործողությունների միտումնավոր ու ագրեսիվ բնույթի մասին:
Դա համարում ենք Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի առանցքային սկզբունքների և մասնավորապես սահմանների անխախտության, այլ երկրի ներքին գործերին չմիջամտելու և բարիդրացիության մասին սկզբունքների աղմկահարույց խախտում»:
Ուկրաինայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ հումանիտար բեռան տեղաշարժի ողջ պատասխանատվությունը կրում է ռուսական կողմը. «Չնայած ուկրաինական կողմի բոլոր փորձերին՝ ցայժմ չի հաջողվել շփում հաստատել Ուկրաինայի ու Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբների միջև»:
Ուկրաինայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ իրեն հայտնի չէ նաև այն, թե ռուսական կողմն ինչ է պայմանավորվել Լուգանսկի զինյալների հետ, և դրա հետ կապված՝ Ուկրաինան չի բացառում ամեն տիպի պլանավորված սադրանքների հնարավորությունը:
Ուկրաինայի ԱԳՆ-ը միջազգային հանրությանը խնդրել է դատապարտել ռուսական հումանիտար ավտոշարասյան ներխուժումը: Ներկա դրությամբ ռուսական մարդասիրական օգնության ավատոշարասյան (260 բեռնատար) մեծ մասը՝ 150 բեռնատար, արդեն իսկ մուտք է գործել Ուկրաինա: