Արման Մելիքյան. «Ռուսաստանն ամեն դեպքում չի կարող տալ Ալիևին այն, ինչ վերջինս ուզում է»
Ինչո՞վ է պայմանավորված ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը, ու՞մ էին ձեռնտու այս խնդրի նման զարգացումները, այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ:
– Պարոն Մելիքյան, Ձեր կարծիքով, ինչո՞ւ հանկարծ սահմանի վրա սրացավ լարվածությունը:
– Նույն տրամաբանության շրջանակներում կարելի հարց տալ, թե ինչո՞ւ հանկարծ Ֆրանսիայի նախագահն առաջարկեց կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպում: Կան հասունացած հարցեր, որոնք սպասում են իրենց պատասխանին: Հայաստանն իր պատասխանը տվեց անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին, իսկ Ադրբեջանը դեռ փորձում է ժամանակ ձգել ու այդ նպատակով նաև սպասվող հանդիպման նախաշեմին սրեց իրավիճակը ճակատային գծում:
– Ի՞նչ դեր ունի այստեղ Ռուսաստանը:
– Ավելի ճիշտ կլինի խոսել ոչ թե Ռուսաստանի դերի, այլ նրա շահի մասին: Իսկ Ռուսաստանի շահը պահանջում է, որպեսզի Բաքուն արագ պատասխանի՝ արդյոք ուկրաինական ճգնաժամի համատեքստում առաջացած Արևմուտք-Ռուսաստան դիմակայության մեջ նա որ ճամբարին է հարելու:
– Շատերն ասում են, որ «սրա հետևում Ռուսաստանն է»: Համամի՞տ եք, որ Ռուսաստանը ստեղծեց այս լարվածությունը:
– Այս լարվածության անմիջական նախաձեռնողը հենց Ադրբեջանն է, որն այս վարքագիծն ընտրել է խոշոր տերությունների միջև առաջացած հակասություններից իր համար բխող բացասական հետևանքներից խուսափելու նպատակով:
– Ինչպե՞ս պետք է դրսևորեին իրենց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, Արտաքին գործերի նախարարությունները: Ի՞նչ պետք է անեին, որ չեն արել:
– Սա ծավալուն թեմա է, որը հանգամանալից և մասնագիտական քննարկման կարիք ունի: Մի բան հաստատ է՝ հայկական կողմերը պետք է նոր առաջարկներով հանդես գան, մշակեն նոր մոտեցումներ, առավել ևս, որ, վերջապես, այդ նոր տարրերը պահանջված են համարում նաև ԵԱՀԿ-ի պաշտոնատարները: Մենք նման առաջարկների փաթեթ ունենք պատրաստած:
– Ի՞նչ առաջարկներ են ներառված ձեր այդ փաթեթի մեջ:
– Առաջարկների մասին խոսելը դեռ վաղաժամ է: Այս պահին կարևորն այն է, որ հայտնի է դրանց գոյության մասին:
– Կայանալիք Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպումից ի՞նչ սպասելիքներ ունեք:
– Կարծում եմ դեռ կպահպանվի անորոշությունը՝ թերևս, առավելագույնն այն կլինի, որ կողմերը հանդես կգան ճակատային գծում առկա լարվածությունը մեղմելու և բանակցային սեղանի շուրջ լուծումներ փնտրելու պատրաստակամության վերաբերյալ հավաստիացումներով:
– Ինչո՞ւ է Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումից ուղիղ երկու օր առաջ միայն հավանության արժանացնում Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցության մասին պայմանագիրը:
– Կարծում եմ, որ սա Բաքվի վրա հավելյալ հոգեբանական ճնշում գործադրելու միջոց է, վերջինից Կրեմլի համար ցանկալի պատասխանը կորզելու նպատակով: Ռուսաստանն ամեն դեպքում չի կարող տալ Ալիևին այն, ինչ վերջինս ուզում է: Ալիևի համար հավասարապես վտանգավոր է Ռուսաստանին մերժե´լն էլ, նրա պահանջներին համաձայնե´լն էլ:
– Առայժմ միայն Ռուսաստանն է հավանության տվել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը: Մյուս երկու հիմնադիր-անդամ պետությունների՝ Բելառուսի և Ղազախստանի համաձայնությունը Հայաստանը դեռ չի ստացել: Հնարավո՞ր է, որ խափանվի Հայաստանի անդամակցությունը:
-Գտնում եմ, որ Բելառուսն ու Ղազախստանը չեն խոչընդոտի Հայաստանի անդամակցությանն անգամ այն դեպքում, եթե Ալիևը հրաժարվի դառնալ նրանց դաշնակիցն ու գնա Ռուսաստանի հետ առճակատման: