«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Վավերագրական ֆիլմերի մրցույթի» մասնակից ֆիլմերը
«Այս ֆիլմը նրա փոքրիկ ներքին կոնֆլիկտների մասին է, երբ լինում են օրեր, շաբաթներ, որ նա չի ցանկանում զրուցել որևէ մեկի հետ»,- ասաց «Ձիթենյաց լեռան ծաղիկներ» ֆիլմի էստոնացի ռեժիսոր Հեյլիկա Պիկկովը, ով 2005 թվականից ի վեր տարված է եղել վավերագրությամբ և աշխատում է՝ որպես անկախ կինոգործիչ:
«Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի Միջազգային վավերագրական մրցույթին ներկայացվել են «Ձիթենյաց լեռան ծաղիկներ», «Արարողություն», «Կինոգնացք. ռուսական ձմեռ», «Դոմինոյի էֆեկտը» վավերագրական ֆիլմերը:
«Ձիթենյաց լեռան ծաղիկներ» ֆիլմը նկարահանվել է 2013 թվականին՝ Երուսաղեմի կողքին, ռուսական ուղղափառ վանքում: Այնտեղ՝ Ձիթենյաց լեռան վրա, ապրում է 82-ամյա էստոնացի միանձնուհի մայր Քսենյան:
Ֆիլմը տարեց կնոջ մասին է, որի կերպարի միջոցով ռեժիսորը փորձում է պատմել երկրի պատմությունը: Ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա վաղը՝ «Մոսկվա» կինոթատրոնում:
Իսկ այսօր «Մոսկվա» կինոթատրոնի փոքր դահլիճում կցուցադրվի «Կինոգնացք. ռուսական ձմեռ» ֆիլմը, որը նկարահանել են տարբեր երկրներից Ռուսաստան ժամանած ռեժիսորներ, ովքեր փորձել են ներկայացնել ռուս ժողովրդի հավաքական կերպարն այնպես, ինչպես իրենք են տեսել:
«Սա պարզապես ֆիլմ չէ, սա մի ամբողջ նախագիծ է: Մենք մրցույթի միջոցով 6 նկարահանող խմբի ընտրեցինք. աշխարհի տարբեր երկրների կինոդպրոցների կինեմատոգրաֆիստներին առաջարկել էինք մասնակցել մրցույթին»,- ասաց ֆիլմի ռեժիսորներից Տանյա Պետրիկը:
2013թ. ձմռանը 14 երկրներից եկած 21 կինեմատոգրաֆիստներից կազմված խումբն առաջին անգամ հավաքվեց Մոսկվայում: Նրանք նստեցին գնացք և մեկնեցին ուղևորության: 10 հազար կմ ճանապարհ են անցել և երկխոսության մեջ մտել ռուս մարդկանց հետ:
Տանյա Պետրիկը պատմեց, որ իրենք պարզապես որոշել էին նկարահանել ֆիլմ ռուսների մասին և Ռուսաստանի մասին գոյություն ունեցող պարզունակ կարծրատիպերին՝ ձմեռ, արջեր, օղի և այլն, նայել դրսի մարդկանց հայացքով:
Նկարահանումները տևել են մոտ 3 շաբաթ: Կինեմատոգրաֆիստները ճանապարհին փորձել են գտնել հերոսների և, բացի այդ, ճամփորդելու ընթացքում արել են ֆիլմի մոնտաժը: Երբ նրանք ժամանել են Մոսկվա, ֆիլմն արդեն պատրաստ է եղել: