Բաժիններ՝

Դեղերի ներմուծումը՝ քաոսի վտանգի առաջ (տեսանյութ)

Ազգային ժողովը հունիսի 21-ին արտահերթ նիստում ընդունված օրենքներից մեկը տագնապ է հարուցել դեղ ներկրող ընկերությունների շրջանում: «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով 2014 թ. հոկտեմբերի 1-ից ներկրվող դեղերը պարտադիր պետք է դրաշմավորվեն: Ընդ որում՝ օրենքում այս փոփոխությունը կառավարությունը մշակել է առանց տնտեսվարողների հետ խորհրդակցելու՝ հերթական անակնկալը մատուցելով նրանց:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դեղ արտադրողների և ներմուծողների (ԴԱՆ) միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը տարակուսանք հայտնեց, թե ինչու հանկարծ առողջապահության նախարարությունը, կառավարությունը, որոնց հետ տարիներ շարունակ ԴԱՆ-ը լավ համագործակցել է, իրենց տեղյակ չեն պահել նման փոփոխության մասին, ոլորտի կարծիքը հաշվի չեն առել ու առաջարկությունները չեն լսել:

Ըստ նրա, եթե նախագահը ստորագրի և օրենքն ուժի մեջ մտնի, ապա դա մի շարք լուրջ խոչընդոտներ կհարուցի ներմուծողների համար: Մասնավորապես՝ միայն առաջին 5 խոշոր ներմուծողները ստիպված կլինեն 3000 քմ-ից ավելի տարածք ավելացնել դրոշմավորման պահեստների համար, որոնք պետք է հատուկ համապատասխանեցված լինեն ԱՀԿ-ի և միջազգային այլ չափանիշներին: Դեղերի դրոշմավորման գործընթացի կազմակերպումը, ի տարբերություն մյուս ապրանքների, ԴԱՆ միության ղեկավարի կարծիքով, չափազանց բարդ ու ռեսուրսատար կլինի, քանի որ դեղերը ՀՀ ներմուծվում են փոքր խմբաքանակներով, տարբեր չափերի, տեսակների և ձևերի փաթեթավորմամբ, այսինքն՝ դրոշմավորման գործընթացը մեքենայացնել հնարավոր չի լինի և ներմուծվող տարեկան 200 մլն փաթեթվածքից ավելի դեղամիջոցները պետք է դրոշմավորվեն ձեռքով: Իսկ դեղերի ձեռքով դրոշմավորումը, Զաքարյանի խոսքով, ռիսկային է, քանի որ հնարավոր է փաթեթները, սրվակները վնասվեն, նաև աշխատուժի, հավելյալ ֆինանսների և այլ խնդիրներ են առաջանում: Նա նշեց նաև խնդրի սոցիալական կողմը, որ հաճախորդները մեծամասամբ ի վիճակի չեն լինում ամբողջական տուփով գնել դեղը, պահանջում են հատով վաճառել, իսկ օրենքն էլ պարտադրում է, որ օտարվող դեղամիջոցը պարտադիր դրոշմավորված լինի:

«Այս ամենի հետևանքով դեղերի գները կթանկանան, ինչն իր բացասական ազդեցությունը կունենա սպառողների վրա՝ առաջացնելով ավելորդ դժգոհություն և սոցիալական լարվածություն»,- ասաց Ս.Զաքարյանը՝ դժվարանալով նշել, թե ինչ չափով է թանկացում սպասվում:

Կարդացեք նաև

168.am-ի հարցին՝ գուցե այս օրենքով պաշտոնյաները փորձում են որոշ ներկրողների առավելությո՞ւն տալ, Ս.Զաքարյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ մեկն այդ աջակցությունը չի զգում: Մեզ մոտ հավաքվել են առաջին 10-յակից ավելի ներմուծողներ, ոչ մեկն օգուտներ չի ակնկալում: Հակառակը՝ սա կբերի քաոսի, մատակարարման խափանման, օտարերկրյա արտադրողների մատակարումը ՀՀ դադարեցման, քանի որ մի շարք միջազգային չափանիշներ կարող են խախտվել: Իսկ ներմուծման գործընթացը բավականին կայացած մոդել է և բավականին լուրջ վերահսկվող: Դրա կարիքը ուղղակի չկա դեղերի մասով»:

Նա հայտարարեց, որ ԴԱՆ միությունը նամակ է հղել ՀՀ վարչապետին՝ խնդրելով դիմել ԱԺ վիտամինները, պատվաստանյութերը և դեղերը պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկից հանելու առաջարկով:
Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս