ԼՂՀ-ի անկախությունը չճանաչած Հայաստանն ինչպե՞ս կարող է ճանաչել Աբխազիայի անկախությունը. Արեշիձե

Abkhazeti.info-ի փոխանցմամբ՝ Ռազմավարական հետազոտությունների կովկասյան կենտրոնի ղեկավար Մամուկա Արեշիձեն մեկնաբանել է Հայաստանի կողմից Աբխազիայի ճանաչման հնարավորությունը՝ կապված նրա հետ, որ Աբխազիայի խորհրդարանի հայազգի պատգամավորները դիմել են Հայաստանին՝ հայտարարելով որ Աբխազական երկաթուղու վերաբացումը հնարավոր է միայն Հայաստանի կողմից Աբխազիան ճանաչելու դեպքում.

«Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, ինչպե՞ս պետք է նա ճանաչի Աբխազիայի անկախությունը: Սկզբում Հայաստանը Ղարաբաղը «ծածուկ» դիտարկում էր որպես իր մի մաս, սակայն հանգամանքները պահանջեցին, որ Ղարաբաղը լինի անկախ միավոր, և ելնելով դրանից էլ՝ Ղարաբաղն այսօր ունի սեփական վարչակազմը՝ ի դեմս նախագահի:

Պատկերացրե՛ք, թե ինչպիսի պարադոքսալ վիճակ կստեղծվի. Հայաստանը չի ճանաչում Ղարաբաղը, սակայն ճանաչում է Աբխազիան: Միևնույն ժամանակ Աբխազիան էլ իր հերթին չի ճանաչել Ղարաբաղը: Պետք է նաև ընդգծել, որ այդ (աբխազական) երկաթուղու բացումը չափազանց կարևոր է Հայաստանի համար, սակայն ոչ ոք աբխազներին չի հարցնում այդ մասին:

Աբխազներն ունեին առաջնորդ, որը դեմ էր այդ գաղափարին: Խոսքն Անկվաբի մասին է: Ռուսաստանն ունի լծակներ, սակայն դեռ չի գործածում դրանք, սպասում է ընտրությունների ավարտին: Ռուսաստանը կարող է այդ հարցը կարգավորել առանց աբխազների, սակայն նա չի ցանկանում բարդացնել իրավիճակը նաև աբխազների հետ:

Ինչ վերաբերում է Վրաստանի դիրքորոշմանը, ապա Բիձինա Իվանիշվիլին իր ժամանակին հայտարարել է, որ կարելի է ակտիվանալ այդ թեմայով, սակայն ելնելով Ադրբեջանի դիրքորոշումից՝ Վրաստանի իշխանություններն արգելակեցին: Ադրբեջանի համար անընդունելի է, որ գործարկվի Աբխազական երկաթուղին:

Քաղաքական տեսանկյունից դա նշանակում է Հայաստանի շրջափակման վերացում, իսկ տնտեսական տեսանկյունից նշանակում է, որ Ադրբեջանի երկաթուղուն կփոխարինի այլ երկաթուղի: Այժմ բեռները Վրաստան են հասնում Ադրբեջանի երկաթուղու միջոցով:

Բացի այդ, դա այն երկաթուղին է, որը Ռուսաստանն ու Իրանը միմյանց կկապի Հայաստանի ու Վրաստանի տարածքով և այլընտրանք կհանդիսանա «Կարս-Ախալքալաք» երկաթուղու համար: Այսինքն, հյուսիս-հարավ երկաթուղին կլինի արևմուտք-արևելք երկաթուղու մրցակիցը:

Դա չի մտնում Թուրքիայի ու Ադրբեջանի շահերի թվում: Որպեսզի կարգավորվի տվյալ երկաթուղու հարցը, գլխավորն Աբխազիայի համաձայնությունը չէ, անհրաժեշտ է կովկասյան տիրույթի խաղացողների, այսինքն՝ ոչ միայն Հայաստանի ու Ռուսաստանի, այլև՝ Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի շահերի համընկնում»:

Տեսանյութեր

Լրահոս