Վրաստանի նախագահը հնարավորություն կունենա Ուելսի գագաթաժողովում ներկայացնել իր երկիրը. Ափաթուրայ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին երեկ հանդիպել է երկրում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Վրաստանի ու ՆԱՏՕ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախապատրաստման հարցը: Ափաթուրայը հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է շարունակել ՆԱՏՕ-ին առավելագույնս ինտեգրվելու իր ուղին.
«Մենք Ուելսի գագաթաժողովից առաջ՝ օգոստոսին, կոմյունիկե ենք պատրաստում: Ես վստահ եմ, որ դրանում կարտացոլվի ոչ միայն Բուխարեստում ընդունված որոշումը, որ Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ, այլև՝ Վրաստանի գրանցած առաջընթացը:
ՆԱՏՕ-ի գնահատիչ փաստաթղթերում նշված է, որ Վրաստանը կայուն կերպ պատրաստվում է դաշինքին անդամակցելուն: Վրաստանը մեծ առաջընթաց է գրանցել ԵՄ-ի հետ: Վրաստանը մեծ հաջողությունների է հասել ՆԱՏՕ-ին մերձենալու և անդամակցելու ճանապարհին: Դրանում ոչ ոք չի կասկածում: Մեզ անհրաժեշտ է մեծացնել Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցչությունը»:
Ափաթուրայը հանդիպել է նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ և հայտարարել, որ Վրաստանի նախագահը հնարավորություն կունենա Ուելսի գագաթաժողովում ներկայացնել իր երկիրը, և որ իրենք շատ ուրախ են դրա համար: Ափաթուրայը հավելել է, որ Վրաստանի նախագահը ներկա է գտնվելու նաև ISAF-ի միջոցառումներին, ինչը նույնպես ունի մեծ նշանակություն: