ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Վրաստանը կստանա աննախադեպ փաթեթ. Փանջիկիձե

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հանդիպել է երկիր ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի հետ:

Հանդիպումից հետո Փանջիկիձեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Վրաստանը կստանա աննախադեպ փաթեթ, որը երկիրն էլ ավելի կմոտեցնի դաշինքին ինչպես քաղաքական, այնպես էլ՝ ինստիտուցիոն ու տեխնիկական պլանում:

Փանջիկիձեն հավելել է, որ Ափաթուրայի հետ քննարկել է սեպտեմբերին Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի անցկացման նախապատրաստական հարցեր. «Ափաթուրայը ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրի ներկայացուցիչներին կիրազեկի տվյալ հարցերի շուրջ  մեր դիրքորոշման մասին:

Ավելի ուշ կքննարկվի Վրաստանին հատկացվող փաթեթի հարցը: Դրանում կան բազմաթիվ տարրեր, որոնց կարճ կերպ կարելի է բնորոշել որպես «ՆԱՏՕ-ում ավելի շատ Վրաստան և Վրաստանում ավելի շատ ՆԱՏՕ»»:

Փանջիկիձեն ընդգծել է, որ Վրաստանը ասպիրանտ երկրների թվում կլինի առաջինը, որի համար ՆԱՏՕ-ն մշակել է նման փաթեթ. «Պատմության մեջ առաջին անգամ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմավարական երկխոսության մասնակից: Այդպիսի փաթեթը դառնալու է իրական գործիք ՝ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման համար»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, մեկնաբանելով այն, որ ՆԱՏՕ-ն շարունակ հրաժարվում է Վրաստանին հատկացնել դաշինքին անդմակցելու գործողությունների պլան (MAP), հայտարարել էր, թե Վրաստանը 10 անգամ ավելի շատ է պատրաստ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, քան` նրա նոր անդամները: 

Սաակաշվիլին հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի (Ռասմուսենի) կողմից Վրաստանին առաջարկված մերձեցման այլընտրանքային փաթեթն էականորեն տարբերվում է MAP-ից, և ստեղծված իրավիճակը համեմատել էր նրա հետ, երբ մարդուն կանչում են ճաշի, սակայն փոխարենը նրան տալիս են «չուփա-չուփս»:

Տեսանյութեր

Լրահոս