«Ամենածայրահեղ ապօրինությունների դեպքում անգամ հնարավոր չէ մեղադրել Փայլակ Հայրապետյանին»

Օֆշորային հայտնի գործով մեղադրյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ Սուքիասյանն իրեն մեղավոր չի ճանաչել: ԳԱԼԱ-ի հետ զրույցում փաստաբանը հավանական էր համարել ոչ միայն քրեական գործի կարճումը, այլև Փայլակ Հայրապետյանի դեմ քրեական գործի հարուցումը: Գործով տուժող Փ. Հայրապետյանի ներկայացուցիչ Վաղարշակ Գևորգյանի հետ զրուցեցինք Ա. Սուքիասյանի փաստաբանի հայտարարությունների շուրջ:

– Պարոն Գևորգյան, գործով մեղադրյալ Ա.Սուքիասյանի պաշտպանը հավանական է համարել քրեական գործի կարճումը, Փ. Հայրապետյանի դեմ քրեական գործի հարուցումը…

– Այն, որ Փ. Հայրապետյանն իրականում տուժող է, պետք չէ բարձրաձայնել դրա մասին, դրա համար էլ պետք չէ իրավական գիտելիքներ ունենալ: Այդպիսի հայտարարություններ անողները, ովքեր կարծիք են հայտնում, որ հնարավոր է՝ Փ. Հայրապետյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվի, պետք է ընդամենը քթի ծակ ունենան, այսպես ասեմ: Պետք չէ իրավաբան լինել: Ժողովրդի ասած՝ քթածակ պետք է ունենալ, հասկանալ, որ այդպիսի բան չի կարող լինել: Ամբողջ աշխարհը գիտի, չեմ ասում` Հայաստանի Հանրապետությունըգ բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Փայլակ Հայրապետյանին՝ այդ լուրջ, կազմակերպված գործարար անձնավորությանը, գիտեն, որ Փ. Հայրապետյանը դարձավ խաբեության, փողերի լվացման, հանցագործ գործողությունների ու գործունեություն ծավալողների զոհը:

Բոլորն էլ գիտեն նաև, թե ինչ հզոր գումարներ են խաբեությամբ իրենից շորթել ու տիրացել դրանց: Այնպես որ, այդպիսի բան չի կարող լինել` անգամ ամենամեծ ցանկության դեպքում, ամենածայրահեղ ապօրինությունների դեպքում անգամ հնարավոր չէ Փայլակ Հայրապետյանին մեղադրել, որովհետև նա իրականում դասական ոճի զոհն է, որից շորթել են, որին թալանել են, որին սնանկացրել են:

– Չբացառվեց նաև այն վարկածը, որ գործն ավելի շատ քաղաքացիաիրավական, քան քրեական գնահատականի պետք է արժանանա: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ամեն մեկը կարող է ցանկալին իրականության տեղ ներկայացնել: Ամեն մեկը կարող է կարծիք հայտնել, բայց երբ իրավաբանն է որևէ կարծիք հայտնում, նախ և առաջ պետք է մտածի իր կարծիքը հայտնելուց առաջ՝ ի՞նչ ապացույցներ ունի: Նույն այդ իրավաբանը, ով ներկայացնում է Աշոտ Սուքիասյանի շահերը, հայտարարում է, որ նա դեռ ցուցմունքներ է տալիս: Իսկ ի՞նչ՝ ինքը սովորեցնում է, թե ի՞նչ ցուցմունքներ պետք է տա: Ես չեմ ուզում այդպես մտածել: Ես համոզված եմ, որ ինքը համբերատար նստելու ու սպասելու է, թե Աշոտ Սուքիասյանն ինչ ցուցմունքներ է տալու:

Իսկ ո՞վ ասաց, որ հանկարծ չի գալու մի պահ, որ նա նստելու ու սկսելու է պատմել, թե որն ինչպես է արել, այդ գումարներից յուրաքանչյուրը որտեղ է իրացրել: Ի վերջո, խոսքը 12 մլն դոլարի մասին է: Այդ գումարները նրա ձեռքով են գնացել, օֆշոր են մտել և շրջանառություն կատարել՝ եկել են Հայաստան, Հայաստանում դարձել ձուլակտոր ոսկիներ, Հայաստանում դարձել է գումարներ, նորից այդ նույն մարդու ձեռքով գնացել ինչ-որ տեղեր: Այս պարզաբանումները պետք է տա, չէ՞: Ի դեպ, ասեմ, որ դրանք եղել են Փայլակ Հայրապետյանի գումարները:

– Եթե Աշոտ Սուքիասյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ենթադրվում է, որ նրա ու Փայլակ Հայրապետյանի ցուցմունքներում հակասություններ կան: Ծանո՞թ եք արդյոք Ա. Սուքիասյանի ցուցմունքին, և արդյոք նրանց միջև առերեսումներ եղե՞լ են, կամ սպասվո՞ւմ են նման գործողություններ:

– Ձեզ տեղեկացնեմ, որ մինչ Աշոտ Սուքիասյանին Հայաստան բերելը և նրան հարցաքննելը, մեղադրանք առաջադրելը, բնականաբար, նախաքննական մարմինը բազմաթիվ ու բազմապիսի քննչական գործողություններ է կատարել, այդ թվում` նաև հարցաքննել է Փայլակ Հայրապետյանին՝ որպես տուժողի: Փայլակ Հայրապետյանն իր պարզաբանումները, իրեն հայտնի տեղեկությունները և իր նկատմամբ կատարված հանցավոր ոտնձգության հետ կապված ցուցմունքները տվել է: Հիմա այսօր դեռևս հայտնի չէ՝ Աշոտ Սուքիասյանն ինչքա՞ն պետք է շարունակի ցուցմունքներ տալ, որքա՞ն է տևելու այդ ժամանակահատվածը, այդ թվում` նաև հայտնի չէ, թե ի՞նչ ցուցմունքներ է տալու, ո՞ր մասով է ընդունելու մեղադրանքները, որքանո՞վ է ընդունելու, որքանո՞վ չի ընդունելու:

Այնուամենայնիվ, եթե չի ընդունելու առաջադրված մեղադրանքները, կարծում եմ՝ այս պայմաններում, բնականաբար, օրենքի տառն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 1-ին մասի կարգով ուղիղ ցուցում կա. երբ երկու անձանց ցուցմունքների միջև էական հակասություններ կան, ապա քննիչը պարտավոր է կատարել առերես հարցաքննություններ: Այնպես որ, կարծում եմ՝ այդ առերես հարցաքննությունների անհրաժեշտությունը կլինի՞, թե՞ ոչ, ի հայտ կգա և պարզ կդառնա այն ժամանակ, երբ Աշոտ Սուքիասյանը վերջնականապես կտա իր ցուցմունքները ու կավարտի: Բայց որքանով ես տեղեկացա նրա պաշտպանի հայտարարություններից, դեռևս շարունակվում են նրա ցուցմունքները: Թող ցուցմունքներ տա, հետո մենք կհասկանանք՝ ինչ ենք անում:

– Պարոն Գևորգյան, օֆշորային պատմության շրջանակներում պտտվում են ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի անունները: Դուք տեղեկություն ունե՞ք` արդյոք նրանք քրեական գործում որևէ կարգավիճակ ունե՞ն, թե՞ ոչ, հարցաքննվե՞լ են, թե՞ ոչ:

– Ես Ձեզ հաստատապես ասեմ, որ նրանք որևէ կարգավիճակ չունեն: Խոսքս վերաբերում է կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակին: Հնարավոր է, որ հարցաքննվել են, ես տեղեկություն չունեմ, ինձ վարույթն իրականացնող մարմինն՝ ի դեմս քննիչի, այդպիսի տեղեկատվություն չի տվել: Բոլորս էլ գիտենք, որ նախաքննությունը կատարվում է, և ընթացքում լինում են փաստեր, որոնք հրապարակման ենթակա չեն լինում: Գուցեև հարցաքննել է, այնուամենայնիվ, ես տեղեկություն չունեմ, իսկ կարգավիճակ, հաստատապես ասում եմ, որ չունեն, այսինքն՝ կասկածյալ կամ մեղադրյալ չեն:

– Իսկ ի՞նչ եք կարծում՝ գործում նոր ձերբակալվածներ, մեղադրյալներ կլինե՞ն:

– Դա չեմ կարող ասել: Ոչ թե խուսափում եմ պատասխանելգ քավ լիցի, ես այդ փաստաբանը չեմ, եթե կա ինչ-որ բան, ես ուղիղ ասում եմ: Խուսափելու կամ խուսանավելու խնդիր երբեք չեմ ունեցել և չունեմ, պարզապես ես այսօր նման տեղեկատվության չեմ տիրապետում: Խոսքը իրավական տեղեկատվության մասին է, որպեսզի կարողանամ նաև կարծիք հայտնել:

Տեսանյութեր

Լրահոս