Ադրբեջանը մեծապես հուսով է, որ Օբաման ջանքեր կգործադրի ԼՂ-ի խնդրի լուծման ուղղությամբ. Իլհամ Ալիև
Qafqazinfo.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որում շնորհավորել է նրան ու ԱՄՆ-ի ժողովրդին հուլիսի 4-ին երկրում նշվող ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Իր նամակում Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը հատուկ կարևորություն է տալիս ԱՄՆ-ի հետ իր հարաբերություններին, և որ Ադրբեջանի անկախացումից հետո այդ հարաբերությունները մեծ ճանապարհ են անցել:
Ալիևի խոսքերով՝ Ադրբեջանը մեծ դերակատարություն ունի էներգետիկ նախագծերում, միջազգային անվտանգության ապահովման գործընթացում, ահաբեկչության դեմ պայքարում, մասնակցում է Աֆղանստանում ISAF-ի ուժերի խաղաղապահ առաքելությանը:
Իր նամակում Իլհամ Ալիևն անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը մեծապես հուսով է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ը և նրա նախագահ Բարաք Օբաման անձամբ ջանքեր կգործադրեն խնդրի կարգավորման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ է արել շուտափույթ ընդունել Փարիզում հանդիպելու մասին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերը: