Բանդայի գործով ամբաստանյալը՝ ոստիկանապետի մասին. «Ասում է՝ գիտի՝ քանի հոգու մեջ է կիսված, թող գա, ասի, մենք էլ իմանանք, գոնե դատվում եմ, փայս վեկալեմ» (տեսանյութ)

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «բանդայի գործով» դատական նիստի ընթացքում ցուցմունք տվեց ամբաստանյալ Սամվել Դավթյանը: Նա նույնպես, ինչպես գործով մյուս ամբաստանյալ Արթուր Մանուկյանը՝ դատարանում խոսեց նախաքննության ընթացքում իր նկատմամբ կիրառված խոշտանգումների մասին: Նա նշեց, որ ամբաստանյալներից ճանաչում է Դավիթ Գալստայանին, ճանաչել է նաև Գուրգեն Հայրապետյանին (վերջինս մահացել է բանդայի վնասազերծման ժամանակ):

Նա դատարանում պատմեց, որ Գուրգեն Հայրապետյանը իր՝ բանտից ազատվելուց հետո գնացել է «իրեն աչքալուսանք» տալու, հանդիպել նրան, պայմանավորվել, որ կարիքի դեպքում մեկը մյուսին դիմեն՝ որպես նախկին ծանոթներ: Ըստ ամբաստանյալի՝ հետագայում իր ավտոմեքենայի հետ կապված խնդիրներ են առաջացել և իրեն գումար է անհրաժեշտ եղել՝ այն վերանորոգելու համար, ինքը գնացել է Գուրգեն Հայրապետյանի վարձակալած բնակարան, որտեղ տեսել է Դավիթ Գալստյանին, հարցրել, թե որտե՞ղ է Գուրգեն Հայրապետյանը.

«Մինչև զրույցի բռվեցինք Դավիթի հետ, զանգ եկավ Դավիթի հեռախոսին, որ Գուրգենը վթար է ունեցել»: Ըստ Սամվել Դավթյանի՝ իրենք գնացել են վթարի վայր, որտեղից էլ իրենց ձերբակալել են ու տարել «6-րդ վարչություն»:

Նրա խոսքով՝ իրեն խուզարկելու ընթացքում իր գրպանը թմրամիջոց են նետել: «Ես միշտ ամբոխ եմ տեսել: Այստեղ, որ շեշտվում է քննիչ, ես չգիտեմ՝ դա ի՞նչ բան է: Ես երբեք չեմ տեսել՝ քննիչն ով է, մյուսն՝ ով է: Միշտ եղել են 30-40 հոգի»,- պատմեց ամբաստանյալը:

Ամբաստանյալն ասաց, որ ինքն իր ուցմունքներով զրպարտել է ինքն իրեն: «Երևի Գուանտանամոյի բանտում տենց բաներ չեն լինում,- ասաց ամբաստանյալը՝ ավելացնելով,- Ես եղել է՝ տկլոր եմ զարթնել քնից, սենց էլի… փալասի պես, գետնին»: Ամբաստանյալն ասաց, որ հնարավոր է՝ դեմքին դիմակ էլ քաշած լինեին, մեջքին «կրակադիլ նկարած լինեին»:

«Չեմ ցանկանա ձեզ՝ կյանքում այն իրավիճակում լինեք՝ ինչ-որ ես եմ եղել»,- արձագանքելով մեղադրողին՝ ասաց ամբաստանյալը:

«Մեր ոստիկանապետն ասում է՝ գիտի, թե քանի հոգու մեջ է կիսված (խոսքը ավարի մասին է:- հեղ.), ինչքան է կիսված: Թող գա, ասի, մենք էլ իմանանք, գոնե դատվում եմ, իմ փայս վեկալեմ»,- դատարանում հայտարարեց Սամվել Դավթյանը՝ թերևս նկատի ունենալով ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս