«Եթե մեղավոր լինեի, երևի դուրսը կլինեի՝ էլի». Բանդայի գործով ամբաստանյալը՝ խոշտանգումների մասին (տեսանյութ)

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «բանդայի» գործով շարունակեցին ցուցմունք տալ քրեական գործով ամբաստանյալները:
Դատարանում ամբաստանյալ Արթուր Մանուկյանը հայտարարեց, որ նախաքննության ընթացքում իր նկատմամբ խոշտանգումներ են եղել, ցուցմունք ինքը չի գրել.  «Պարզապես բացել են թղթերի տակի մասը և ասել՝ ընդամենը անունդ գրի». «Ու ֆսյո, քեզ թողնում ենք, դու գնում ես: ոչ մի բանի հետ դու ոչ գործ ունես, ամեն ինչ պարզ է , դու ոչ մեղավոր ես, ոչ էլ բան: Բանից պարզվեց, որ մեղավոր չեմ ու պտի գնամ բանտ: Եթե մեղավոր լինեի, երևի դուրսը կլինեի էլի»,- ասաց նա:

Դատարանում գործով դատախազը միջնորդեց հրապարակել ամբաստայալի նախաքննական ցուցմունքները՝ նշելով, որ դատաքննության և նախաքննության ընթացքում կան հակասություններ: Դատարանում հրապարակվեց որպես ամբաստանյալ Արթուր Մանուկյանի հարցաքննության արձանագրությունը:

Ըստ արձանագրության՝ ամբաստանյալը հայտնել է, որ ծնվել և մեծացել է Էջմիածին քաղաքում, ապա մեկնել է Մոսկվա և զբաղվել առևտրով, 2009թ. կալանավորվել է ավտոմեքենա «փախցնելու» համար, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում հեռախոսով կապ է պահել այդ ժամանակ «Սովետաշենի գաղութում պատիժ կրող Գուգո անունով անձի հետ», որին անձամբ չի ճանաչել, սակայն հեռախոսով կապ պահելով նրա հետ ձևավորվել են մտերիմ հարաբերություններ:

«Մինչ 2011թ. մայիսը ՌԴ մեկնելը ես ունեի մի ծանոթ աղջիկ, որը ինձանից հղիացել էր: Նրա հղիությունը դադարեցնելու համար միասին գնացել ենք Երևանում գտվող ինչ-որ հիվանդանոց, այդ աղջկա անունը չեմ հիշում, նա Տաշիրից էր և Երևանում բնակվում էր վարձով: Նշեմ, որ ես ամբողջ կյանքում ապրել եմ Էջմիածնում կամ Ռուսաստանում, այդ պատճառով էլ լավ չգիտեմ Երևանը և չեմ կողմնորոշվում փողոցներում: Իմ ծանոթ աղջկա հետ հիվանդանոց գնալուց հետո, հղիությունը դադարեցնելուց հետո միասին երկու-երեք անգամ գնացել ենք աբորտ անող բժշկի տուն, որը գտնվում էր Այգեստան թաղամասում, քանի որ այդ աղջկա մոտ արյունահոսություն էր սկսվել»,- նշված էր հարցաքննության արձանագրության մեջ:

Կարդացեք նաև

Ըստ արձանագրության՝ Ա. Մանուկյանը որպես կասկածյալ հարցաքննության ընթացքում հայտնել էր, որ բժշկի տունը լավ կահավորված է եղել, հասկանալի է եղել, որ բնակարանը հարուստի է եղել, ինչից էլ ենթադրվում է, որ տանը գումար և ոսկեղեն կլինի: ՌԴ-ից վերադառնալուց հետո, ըստ ցուցմունքի, նա մի քանի օր մնացել է Գյումրիում, քանի որ իր գումարը վերջանում էր, որոշել է հանդիպել իր ընկեր Գուգոյին և նրան հայտնել հարուստ բժշկի մասին, «որպեսզի նրա տանից գողություն կատարենք, որ ես կարողնամ վերադառնամ ՌԴ»:

Արձանագրության համաձայն՝ ամբաստանյալը հայտնել էր, որ հանդիպել է Գուգոյին, նրա հետ գնացել նրա կողմից վարձակալած բնակարան, որտեղ զրույցի ժամանակ մանրամասն հայտնել է բժշկի տան մասին, համաձայնել «հարձակվել» տան վրա:

Կասկածյալի հարցաքննության արձանագրության համաձայն՝ մի քանի օր ինքը մնացել է Գուգոյի վարձակալած բնակարանում, մի քանի անգամ շրջել բժշկի տան մոտակայքում, ապա մի օր ևս երկու անձանց հետ գնացել են բժշկի տան մոտ, հանել դիմակներ և ձեռնոց, սակայն ձայներ լսելու պատճառով՝ ետ են վերադարձել:

Ճանապարհին եղել են ինքն ու Գուգոն, որի ընթացքում Մյասնիկյան պողոտայում նրանց ճանապարհը փակել է «գազել» ավտոմեքենան, ինչից հասկացել են, որ նրանք ոստիկանության աշխատակիցներ են: «Այդ պահին Գուգոն մեքենան միացրեց հետընթաց և մեծ արագությամբ սկսեց ընթանալ դեպի ետ: Նույն ժամանակ մեքենայի աջ կողմով բախվեց մայթեզրի սյուներից մեկին, ինչից մենքենան սահելով հայտնվեց ճանապարհի միջմամասում: Ես անմիջապես փախել եմ մեքենայի միջից և վազել եմ մոտակա սարալանջի վրա: Չեմ տեսել, թե որ կողմ վազեց Գուգոն: Այնուհետև թաքնվել եմ սարալանջի թփերի և ծառերի արանքում, իսկ քիչ անց եկան ոստիկանները և ինձ բռնեցին»,- նշված էր հարցաքննության արձանագրության մեջ:

Դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ հետագա ցուցմունքներում ամբաստանյալը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:

Ամբաստանյալը դատարանում հայտարարեց, որ իր մոտ հանցագործություն անելու գաղափար չի ծագել, որ քաղաքը չի ճանաչում, չի եղել Այգեստան թաղամասում: Նա հայտարարեց, որ չի ճանաչում բժիշկների ընտանիքին՝ նշելով, որ նրաք դատարան են եկել, ցուցմունք տվել, որ ամբաստանյալներից ոչ մեկին չեն ճանաչում:

Իր պաշտպանի հարցին՝ ինչո՞ւ ցուցմունքում չի նշել ծեծի մասին, ամբաստանյալը պատասխանեց. «Դրա վերաբերյալ ես բան չեմ ասել, որովհետև այդ ժամանակ դրանց ներկայությամբ է այդ ամեն ինչը հարցվել ինձանից, դրա համար ես չեմ ասել, որովհետև վախեցել եմ, որ նորից նույն իրավիճակին կարժանանամ, նորից կտանեն, նույն ծեծը կլինի»:

Ամբաստանյալը հայտնեց, որ զենք չի ուեցել, չի կրակել, իսկ դիտարկմանը, որ նրա հագուստի վրա կրակոցի արգասիքներ կան, ամբաստանյալն արձագանքեց. «Ես ոչ միայն կարծում եմ, այլ վստահ ասում եմ, որ  ուղղակի իմ հագից հանել են իմ շորը և նույն զնենքով, որի արգասինքները գտել են իբր թե իմ հագուստի վրայից, իրանք են իմ հագից հանել սպորտիվնիիս վերխը ու տարել են, կրակել են ու այդ ձևով հայտնաբերել են: Ի՞նչ՝ ես այդ զենքը ձե՞ռքս էի պահում: Եթե ձեռքս էի պահում, ապա թող իմ ամբողջ մատնահետքները լինեին այդ զենքի վրա, ոչ թե ես ձախլիկ լինելով՝ իմ աջ ձեռքիս մեջտեղի մատիս մատնահետքերը միայն հայտնաբերեին այդ զենքի վրա: Իսկ եթե իմ վրա էի կրում, թող շալվարս էլ տանեին փորձաքննության, տեսնեին՝ ես իրո՞ք այդ զենքը կրում էի իմ վրա»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:
Լուսանկարը՝ 168.am-ի

 

Տեսանյութեր

Լրահոս