Հայաստանը հայտնվել է դեկորի վիճակում, որին անընդհատ տեղաշարժում են. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը երեկ հայտարարել է, որ Եվրասիական միությանը անդամակցելու Հայաստանի պայմանագիրը ուղարկվել է ներպետական համաձայնեցման:

Այսինքն` Հայաստանի անդամակցության պայմանագիրը պետք է արժանանա Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի դատին, որից հետո պետք է պարզ լինի անդամակցության ժամկետը:

Այսինքն` սա կարող է նշանակել, որ ամենայն հավանականությամբ մինչև սեպտեմբեր Հայաստանի անդամակցության հարցը, ըստ էության, դուրս է գալիս օրակարգից:

Կասկած չկա, որ ներպետական համաձայնեցման փուլը տևելու է բավական երկար, հետո կասվի, որ եղել են մանր, տեխնիկական դիտողություններ, հետո կասվի, որ ուղարկվում է լրամշակման, և այդպես շարունակ, իսկ վերջում ժամկետ կտան սեպտեմբերի 1-ը` ասելով, որ մինչ այդ պետք է ամեն ինչ պատրաստ լինի ստորագրման: Սակայն դա էլ, իհարկե, երաշխիք չէ, որ ստորագրությունը հենց սեպտեմբերին էլ կլինի:

Այս ամենն արդեն իսկապես ձանձրալի է դառնում: Ձանձրալի վտանգավորության աստիճան:

Եվ խնդիրն այն է, որ Հայաստանն ուղղակի հայտնվել է մի դեկորի վիճակում, որին անընդհատ ժամանակի մեջ տեղաշարժում են:

Եվ Հայաստանի հասարակությունն էլ դարձել է այս տեղաշարժերին հետևող, կարծեք թե Հայաստանն ու հասարակությունը տարբեր մարմիններ, տարբեր օրգանիզմներ են, և մեկի տեղաշարժը մյուսին չի վերաբերում:

Եվ սա, ըստ էության, բթացման, զգոնության թուլացման մի սեանս է, որ կատարվում է հասարակության հետ զուահեռաբար և տալիս է արդյունքներ: Համենայնդեպս, այս անվերջանալի շարժին հետևելը հասարակությանը դրել է հիպնոսացվածի վիճակում, որը կարծեք թե չի գիտակցում, որ խաղալիք դարձնելով Հայաստանը` Հայաստանի հասարակությանը, այսինքն` իր ճակատագիրն են խաղալիք դարձրել»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս