Ռուս-ադրբեջանական գործարք՝ հայ մասնակիցներով
Երբ անցած շաբաթ Ստրասբուրգում ԵԽ ԽՎ նստաշրջանի ժամանակ հայկական պատվիրակության անդամներն առանձնակի հանդուրժողականություն ցուցաբերեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ելույթում տեղ գտած հակահայկական հայտարարությունների վերաբերյալ, Հայաստանում շատերը դա բացատրեցին ու պայմանավորեցին հայ խորհրդարանականների ոչ պրոֆեսիոնալությամբ, սեռով, տգիտությամբ, և այլն: Բացատրեցին ու պայմանավորեցին՝ մոռանալով, որ այդ նույն խորհրդարանականները հարկ եղած դեպքում ադրբեջանցիներին նույն Ստրասբուրգում առանձնակի դաժանությամբ են գամում անարգանքի սյունին: Մինչդեռ դժվար չէր կռահել կամ ենթադրել, որ հայ պատվիրակների լռությունը, ըստ ամենայնի, հանձնարարված էր:
Ավելի դժվար էր կռահելը՝ ո՞ւմ կողմից՝ Ռուսաստանի՞, թե՞ Հայաստանի, թե՞ Հայաստանի իշխանության միջոցով՝ Ռուսաստանի, բայց դրանից խնդրի էությունն ու լռության հանցավորությունը չի փոխվում: Արդեն այսօր ակնհայտ է դառնում, որ ինչպես՝ հայ խորհրդարանականները՝ Ստրասբուրգում, այնպես էլ՝ նրանց նույնքան հայ գործընկերները՝ Երևանում ու հատկապես Բաքվում, գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար, մասնակից են դարձել շատ վտանգավոր հակապետական գործարքի, որի իրական նպատակը, ինչպես ՀՀ իշխանությունների կողմից կատարվող գրեթե բոլոր գործողությունները, Ռուսաստանի շահի սպասարկումն է: Այլ կերպ դժվար է բացատրել հայ խորհրդարանականների ստրասբուրգյան լռությունից օրեր անց Հայաստանի իշխող կուսակցության՝ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի ադրբեջանական «բենեֆիսը»:
Բաքվում գտնվող Գեղամյանն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է. «Շատ շուտով տեղի կունենա Հայաստանի՝ ԵՏՄ-ին (Եվրասիական տնտեսական միությանը) անդամակցության պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Ի դեպ, մենք շատ ենք ցանկանում, որպեսզի Ադրբեջանը ևս անդամակցի այդ միությանը»: Ասել է նա՝ վստահաբար տառ առ տառ ծանոթ լինելով ռուսական բոլոր պաշտոնյաների հայտարարություններին այն մասին, թե որքան կարևոր է ՌԴ-ի համար Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին: Ասել է՝ ծանոթ լինելով նաև այն տեղեկություններին, որ Ադրբեջանը դրա դիմաց Ռուսաստանից պահանջում է… Լեռնային Ղարաբաղը:
Ասել է՝ շատ լավ իմանալով, որ Ռուսաստանը պատրաստ է ցանկացած պահի վճարել Ադրբեջանին: Ու միանգամայն «պատահաբար» Գեղամյանի հարցազրույցից ժամեր անց ադրբեջանական շատ «անկախ» ու «պետության տեսակետը չարտահայտող» փորձագետներից մեկը՝ ռազմական փորձագետ և ռազմական լրագրող Ուզեիր Ջաֆարովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է երեք շրջանների վերադարձման դիմաց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը և այդ կերպ մտնել «խաղի» մեջ:
«Հնարավոր է Լեռնային Ղարաբաղին հարակից երեք շրջանների վերադարձը»,- ասել է նա՝ մանրամասնելով, որ խոսքն Աղդամի, Ֆիզուլիի և Ջաբրայիլի շրջանների մասին է: Ընդ որում, նա շատ հարևանցիորեն ընդգծել է նաև, որ նման «գործարքի» կայացման մեջ մեծ դեր է վերապահված Ռուսաստանին, որը, Ջաֆարովի խոսքերով՝ ցանկանում է 2015 թվականին իր խաղաղապահ ուժերը տեղակայել տարածաշրջանում: Այսպիսով, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը, առկախված հարցը կախված է Ադրբեջանից, ու որպես դրա հետևանք՝ Ադրբեջանի պահանջները բավարարելու հայկական կողմի պատրաստակամությունից:
Պետք է ենթադրել, որ նախկին կոմունիստ ու որպես դրա հետևանք՝ նախկին այլ «կարգավիճակներ» ունեցած Արտաշես Գեղամյանի արտահայտած ցանկություններն այս գործարքում նաև հայկական կողմի մասնակցության առաջին վկայություններն են: