Տաքսու մեջ կնոջը ապտակելու, նրա մազերից քաշելու գործը կարճվել է
Առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ կարճվել է տաքսու մեջ կնոջ նկատմամբ բռնություն կիրառելու գործը: Դատարանը քրեական գործի վարույթը կարճել է տուժողի բղոքի բացակայության և ամբաստանյալի հետ հաշտվելու հիմքով:
Նախաքննության ընթացքում նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ Մասիս քաղաքի տարածքում իր վարած ավտոմեքենայի մեջ տաքսի ծառայությանը գումար պարտք լինելու հարցի շուրջ վիճաբանել է Արարատի մարզի բնակչուհու հետ, որի ընթացքում 1 անգամ ապտակելով և, նրա մազերից քաշելով`բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ `պատճառելով ֆիզիկական ցավ: Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ծեծի համար (ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդված):
Մինչև դատաքննությունն սկսելը տուժողը գրավոր դիմում է ներկայացրել դատարան` ամբաստանյալի հետ հաշտվելու, նրա դեմ բողոք չունենալու և գործի վարույթը կարճելու վերաբերյալ: Դատական նիստի ընթացքում տուժողը պնդել է դիմումը և հայտարարել, որ հաշտվել է ա,բաստանյալի հետ և նրա դեմ բողոք չունի:
Ամբաստանյալը նույնպես հայտարարել է տուժողի հետ հաշտվելու վերաբերյալ:
Իր որոշման մեջ դատարանը նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածը սահմանում է մասնավոր հետապնդման, այսինքն՝ տուժողի բողոքի հիման վրա հարուցվող քրեական գործերի սպառիչ ցանկը, որոնց մեջ մատնանշված է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել ամբաստանյալին:
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ և 183-րդ հոդվածների ուժով մասնավոր մեղադրանքով գործ հարուցելու և դրանով քրեական հետապնդում իրականացնելու հնարավորությունը լիովին կախված է դիմողի՝ հանցավորին քրեական պատասխանատվության ենթարկելու միջոցով իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար քրեական հետապնդման մարմնին դիմելու ցանկությունից և կամարտահայտությունից»,- որոշման մեջ նշել է դատարանը: Որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երիտասրդի նկատամամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին կվերացվի: