Բաժիններ՝

Լարիսա Ալավերդյան. Դա Վլադիմիր Գասպարյանի պարտությունն էր

Հունիսի 23-ին` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցի ժամանակ, քաղաքացիների նկատմամբ ոստիկանության իրականացրած գործողությունները ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պարտության նշաններն էին: Այսօրվա ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական բռնության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Մինչ այդ նա հորդորել էր Հայաստանի իշխանություններին ամեն դեպքում չխզել կապերը Եվրամիության հետ, քանի որ հենց ԵՄ-ի հետ համագործակցության շնորհիվ Հայաստանը կարող է կարգավորել Մարդու իրավունքների դաշտը, և ոստիկաններն այլևս իրենց չեն պահի այնպես, ինչպես վերջին մի քանի օրերի ընթացքում:

Լարիսա Ալավերդյանի կարծիքով` անկախ նրանից, թե ոստիկանների գործողություններն ունե՞ն քաղաքական դրդապատճառներ, թե՞ ոչ, դա ուղերձ պարունակո՞ւմ է, թե՞ ոչ, միևնույն է, նման գործելակերպն ամոթալի է, իսկ եթե ոստիկանությունը բերման է ենթարկում 27 քաղաքացիների Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցի օրը, ավելի վատ:

Ըստ նրա` եթե այդ միտումն է նշմարվում, և իշխանություններն այդպիսի քայլերով ինչ-որ բան են ուզում հասկացնել «ուժեղ կողմին», դա պարզապես ամոթալի է:

Կարդացեք նաև

«Ուղղափառ Մարդու իրավունքների պաշտպանության դաշտում դա ամոթալի է: Կարծես թե, մենք պետք է հրաժարված լինեինք այդ մեթոդից: Դա մի քիչ էլ քաղաքակրթական հարց է: Ես ափսոսում եմ, բայց դա Վլադիմիր Գասպարյանի պարտության նշաններն են: Դա քաղաքական լինի, Լավրովի այցի հետ կապ ունենա, թե ոչ, ամեն դեպքում դա ամոթալի վիճակ է: Մենք պետք է վաղուց հրաժարված լինենք այդ մեթոդներից: Ես կարծում էի` երբ Վլադիմիր Գասպարյանը սկսեց իր ելույթներով, իր քայլերով… վերջապես մենք տեսել ենք բավական կիրթ վերաբերմունքի դեպքեր, և երբ հիմա տեսնում ենք վերադարձն անվերադարձ ժամանակներին, դա մեր իշխանությունների թուլությունն է: Այդպես չեն գործում ուժեղ իշխանությունները, դա թույլ իշխանության գործելակերպ է»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս